


ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը Հայաստանում դիտորդական գործունեություն է իրականցնում նոր հազարամյակի սկզբից: «2003 թվականից հետևում եմ Հայաստանի ընտրություններին և կարող եմ ասել, որ իշխանություններն էական արդյունքի են հասել ընտրությունների կազմակերպման և անցկացման գործում», - ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԱՊՀ առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Նրա կարծիքով, տարբեր ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացում էվոլյուցիան ակնհայտ է: «Իմ դիտարկումների համաձայն, այս անգամ մարդիկ քվեարկել են ավելի գիտակցված, ավելի օբյեկտիվ: Նկատվում էր, որ քվեարկության են գնում արդեն հստակ ձևավորված քաղաքացիական դիրքորոշմամբ, և նրանց պետք չէր քարոզել», - ասել է Սլոբոդան:
Առաքելության ղեկավարը չի հավատում բազմաթիվ խախտումներին ինչպես քվեարկության, այնպես էլ նախապատրաստման գործընթացում, քանի որ կարծում է, թե Հայաստանում քվեարկության համակարգն այնքան լավ է մտածված, որ միանգամայն բացառվում է կեղծարարության հնարավորությունը: «Այն ընտրատեղամասերում, որտեղ դիտարկում էր անցկացնում ԱՊՀ առաքելությունը, խախտման փաստեր` լցոնումներ և ընդդիմության վստահված անձանց նկատմամբ ճնշումներ, չեն եղել», - հայտարարել է Սլոբոդան: Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե հանրաքվեի պաշտոնական արդյունքները համահարաբերական չեն հանրության ձայնի և հասարակական տրամադրությունների հետ, ապա, ինչպես պարզաբանել է առաքելության ղեկավարը, «դա «այոյի» շտաբների լավ կազմակերպված աշխատանքի արդյունք է»: «Մասնակցությունն իրական է, և թվերը իրական են», - ամփոփել է ԱՊՀ առաքելության ղեկավարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին դիտորդական առաքելությունը հանդես է եկել նախօրեին անցկացված հանրաքվեի վերաբերյալ հայատարարությամբ, որում նշված է, թե «հանրաքվեն անցել է ազատ, թափանցիկ մթնոլորտում, և պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիներին կամքի ազատ արտահայտման հնաարավորություն են ընձեռել»:


