
Արմինֆո. Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Կովկասի նկատմամբ "Թրամփի ծրագիր" կոչվածը ոչ մի տարբերություն չունի "Զանգեզուրի միջանցք" կոչվող նախագծից, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը։
Նա հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել "Զանգեզուրի միջանցքին", քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է իրեն շրջապատող անվտանգության համար սպառնալիքներից:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ միջանցքը կարող է ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունը Իրանից դեպի հյուսիս, ինչը անվտանգության լուրջ սպառնալիքներ կստեղծի Հյուսիսային Իրանի և Հարավային Ռուսաստանի համար: Նա հավելել է, որ "Թրամփի ծրագիրը", ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և այժմ իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան ներթափանցման միջոցով:
Վելայաթին ընդգծել է, որ պատմական փորձը որոշակի օրինաչափություն է դրսևորում. ամերիկյան կողմը հաճախ ներթափանցում է զգայուն տարածաշրջաններ տնտեսական նախագծերի իրականացման պատրվակով, սակայն ժամանակի ընթացքում նրանց ներկայությունն անխուսափելիորեն ընդլայնվում է ՝ հասնելով ռազմական և հետախուզական մասշտաբների: Նա նշել է, որ Իրանի սահմանների մոտ ԱՄՆ-ի հայտնվելը՝ ցանկացած ձևով, անվտանգության ոլորտում ակնհայտ սպառնալիքներ կառաջացնի:
Իր հերթին՝ Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը բանակցությունների ընթացքում երկու երկրների հարաբերությունները որակել է ռազմավարական և Թեհրանի հետ կապերի զարգացումը համարել Երևանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը:
Ուշագրավ է, որ այդ հանդիպման վերաբերյալ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ չի հիշատակվում Հայաստանի հարավով երթուղիների առնչությամբ իրանական կողմի դժգոհության փաստը: Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների պատմական և ռազմավարական բնույթը և դրանց հետագա խորացման փոխադարձ ձգտումը:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: Վելայաթին ողջունել է երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը: