


Արմինֆո. Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ 2026 թվականի հունիսին հանրապետությունում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արտաքին միջամտությունը կանխելու գործում աջակցության համար։ Այդ մասին լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։
Նրա ասելով՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօրվա նիստում կքննարկեն Հայաստանը: "Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են լինելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այդ հարցում։ Հայաստանը դիմել է մեզ՝ արտաքին միջամտությունը կանխելուն աջակցության համար", - ըստ ԶԼՄ-ների՝ նշել է Կալասը։
Ավելի վաղ Կայա Կալասը հայտարարել էր, որ 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը սկսել է ուժեղացնել ապատեղեկատվության արշավը: Նա նաև տեղեկացրել էր, որ ԵՄ կողմից Հայաստանին կտրամադրվի 15 մլն եվրո՝ արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար:



