


Արմինֆո. "Արևմտյան Ադրբեջան" ծրագիրը կեղծ է, դա Հայաստանը զավթելու ծրագիր է, որը միջազգային որևէ հիմք չունի։ Այդ մասին տեսաուղերձում հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Միասնության թևեր" քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ինքը Բաքվին առաջարկում է փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի թեման և "Արևմտյան Ադրբեջանի" թեման։
Թաթոյանն ընդգծել է, որ գոյություն չունի ոչ մի միջազգային հարթակ կամ դատարան, ուր Ադրբեջանը կարող է դիմել այդ հարցով և հաջողության հասնել։ "Այդ մասին շատ լավ գիտի նաև Իլհամ Ալիևը։ Արցախի բնակիչների վերադարձի հարցերը միջազգային մակարդակով ամրագրված են որպես իրավունք, Ադրբեջանն ունի որոշակի պարտականություններ", - ասել է նա։ Ինչպես նշել է նախկին օմբուդսմենը, Միջազգային դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել արցախցիների արժանապատիվ, անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, այդ մասին հայտարարել են նաև ԱՄՆ-ը, Կանադան, ԵՄ Խորհուրդը և այլն:
"Ալիեւը փորձում է նվաստացնել է ողջ հայ ժողովրդին։ Նրա խնդիրը հայ ժողովուրդն է։ Նա կատարում է պատմական առաքելություն․ փորձում է ցույց տալ, որ չի եղել Հայաստան և հայկական ինքնության: Բայց այդ ամենը միջազգային հիմք չունի։
Սիրելի հայրենակիցներ, մի վհատվեք, կան միջազգային մեխանիզմներ, միջնորդները, մեր Սփյուռքը․ մենք հենարան են միմյանց, եւ ամեն բան իր տեղը կդնենք։ Հենց որ Նիկոլ Փաշինյանը դառնա նախկին, այդ հարցերը մենք կկարգավորենք", - նշել է Թաթոյանը:



