


Արմինֆո. Հայաստանը՝ ի դեմս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, մասնակցել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին ՝ UNEA-7-ին:
Մասնավորապես, ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել «Ինչու՞ է շրջակա միջավայրի վատթարացման դեմ պայքարը կարևոր գլոբալ ֆինանսական համակարգի ապագայի համար» թեմայով քննարկման շրջանակներում, որի ընթացքում կարևորել է կենսաբազմազանության ու շրջակա միջավայրի պահպանությունը:
Նա նշել է, որ այս ոլորտում առկա մարտահրավերներն անմիջական ազդեցություն են ունենում տնտեսության, հարկաբյուջետային քաղաքականության և պարտքի կայունության վրա:
Վահե Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17): Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ COP17-ը պետություն-մասնավոր համագործակցության նոր արդյունավետ մեխանիզմների ձևավորման հիանալի հնարավորություն է:
Հիշեցնենք, որ UNEA-ն անցկացվում է երկու տարին մեկ պարբերականությամբ և համարվում է գլոբալ բնապահպանական քաղաքականության և օրակարգերի քննարկման բարձր մակարդակի ամենամեծ հարթակներից մեկը:
UNEA-7 - ը նաև վերջին խոշոր միջազգային բարձր մակարդակի միջոցառումներից մեկն է, որը տեղի կունենա COP17-ից առաջ:
Նշենք, որ միջոցառումը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) կենտրոնակայանում ՝ Նայրոբիում (Քենիա) և նվիրված էր "Կայուն լուծումների զարգացում կենսունակ մոլորակի համար" թեմային:



