
Արմինֆո.2025 թվականի հունիսի 18-ից Հայաստանում արդեն 177 օր չի գործում իրավական պետության սկզբունքը, որը երաշխավորում է ապօրինի կալանավորման անհնարինությունը, դատարանների անկախությունը եւ քննիչների, ինչպես նաեւ գլխավոր դատախազի կողմից նախաքննության նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գործարար, "Տաշիր" ԸԽ ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ 177 օր կալանավորումը հակասում է գրված և չգրված օրենքներին ու նորմերին: Վարդևանյանը վստահ է, որ այսօր Հայաստանում դատավորները չեն կարող արդարադատություն իրականացնել, քանի որ երկրում տիրում է քաղաքական հետապնդման և ճնշումների մթնոլորտ, ինչը խոչընդոտում է նրանց անկախությանը: "Սակայն այդ հանգամանքը որևէ աղերս չունի իրավունքի հետ։ Միջազգային փորձը նման բազմաթիվ օրինակներ գիտի։ Բայց դատավորները պարտավոր են անկախ մնալ անգամ ճնշման պայմաններում", - ընդգծել է Վարդևանյանը։
Այդ առնչությամբ փաստաբանը հիշեցրել է, որ իրենց ոլորտում բոլոր գործողությունները արձանագրվում են գրավոր, և յուրաքանչյուր որոշում ունի իր պատասխանատուները ։ Մասնավորապես, նա հիշեցրել է, որ յուրաքանչյուր որոշման տակ նշվում է որոշում կայացրած դատավորի անուն-ազգանունը։ "Եվ եթե անգամ այն ընդունվում է ճնշման տակ, կա պատասխանատվության անխուսափելիության սկզբունք", - համոզված է Վարդեւանյանը:
Փաստաբանը վերստին հիշեցրել է, որ ներկա իրավիճակը լուրջ վնաս է հասցնում հանրապետության հեղինակությանը: Այդ առնչությամբ նա նախազգուշացրել է, որ պատիժը, ի վերջո, կրելու է հավաքական բնույթ, այլ ոչ թե վերաբերելու է միայն նրանց, ովքեր կատարել են այդ անօրինական գործողությունները:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին իրավապահ մարմինները ձերբակալել են, ապա դատարանը կալանավորել է խոշոր գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, հարցազրույցում հայտարարել է․ "Մենք մեր ձեւով կմիջամտենք", եթե քաղաքական գործիչները չկարողանան կատարել այդ գործառույթը: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից , փաստացի, խլել են ՀԷՑ-ի կառավարումը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ հետո, ճնշում գործադրելով ՀԾԿՀ նկատմամբ, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել են էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից: Հ: