


Արմինֆո.Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի տիրապետում Հայաստանում գործող սակագնային քաղաքականությանը։ Այդ մասին ասվում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ Վերահսկողական կոմիտեի հաղորդագրությունում:
Կոմիտեի հաղորդագրության համաձայն, ֆինանսների նախարարըև տեղյակ չէ, նույնիսկ, այն փաստի մասին, որ վարկային միջոցների թե մայր գումարը և թե տոկոսները վճարում է «ՀԷՑ» ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից, և այն որևէ կերպ չի ազդում և չի կարող ազդել հոսանքի արժեքի վրա:
«Հորդորում ենք՝ մինչև նմանատիպ գրառումներ կատարելը խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ:
Ինչ վերաբերում է «ՀԷՑ»ՓԲԸ վարկային պարտավորություններին, 2016 թ. «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ընկերության ձեռքբերման պահին այն արդեն իսկ ուներ կուտակված հսկայական պարտքեր, աշխատում էր մեծ վնասով:
Կարծում ենք՝ ՀՀ բնակիչները դեմ չէին լինի, եթե ՀՀ պարտքը, որը հասնում է մոտավորապես 5,4 տրիլիոն ՀՀ դրամի (14 մլրդ ԱՄՆ դոլար) սպասարկեին այն անձինք, ովքեր ներգրավել են այդ միջոցները, և ոչ թե ամբողջությամբ վճարեին ՀՀ քաղաքացիները: Ի դեպ, 2025 թ. այս պարտավորությունների սպասարկման համար ՀՀ քաղաքացիները վճարելու են ընդհանուր 390 մլրդ ՀՀ դրամ», - ասվում է Կոմիտեի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ որոշմամբ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից: Հունիսի 18-ին իրավապահ մարմինները ձերբակալել են, ապա դատարանը կալանավորել է խոշոր գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, հարցազրույցում հայտարարել է․ "Մենք մեր ձեւով կմիջամտենք", եթե քաղաքական գործիչները չկարողանան կատարել այդ գործառույթը: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից , փաստացի, խլել են ՀԷՑ-ի կառավարումը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին:



