
Արմինֆո. Ադրբեջանը բավական լուրջ ջանքեր է գործադրում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգությունը յուրացնելու և այն որպես թուրք-ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հրապարակման մեջ՝ դեկտեմբերի 5-ին Բաքվում կայացած "Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը" համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների առնչությամբ:
Աղբյուրի համաձայն, ուղերձի առանցքային միտքն այն է, որ, իբր, Հայաստանը երկար տարիների ընթացքում պարբերաբար ոչնչացրել է ադրբեջանցիների նյութական և ոչ յութական մշակութային ժառանգությունը, հատկապես, սրբավայրերը, գերեզմանները: Նշվել է, որ ադրբեջանական կողմի համար առաձնահատուկ կարևոր է այս իրադարձություններին տալ իրավական գնահատականներ միջազգային-իրավական հարթության մեջ և կատարել համապատասխան քայլեր, որոնք տեղավորվում են «ադրբեջանական վերադարձի և Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսության մեջ»:
«Այս ուղղությամբ առաջին քայլերը կատարվել էին խորհրդային տարիներին՝ պատմաբան Զիյա Բունիյաթովի և արևելագետ Մեշադի-խանում Նեյմատովայի կողմից: Հիմնականում դիտարկվել էր Սյունիքը: Նեյմատովան հրատարակել էր Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Որոտան, Վաղատին, Աղիտու գյուղերում գտնվող մահմեդական գերեզմանների տապանաքարերի արձանագրությունները՝ վերծանման միտումնավոր սխալներով, ինչի մասին փաստել էր հայտնի արևելագետ Ա. Խաչատրյանը՝ Հայաստանի արաբերեն արձանագրություններին նվիրված իր մեծածավալ գրքում մանրամասն անդրադառնալով յուրաքանչյուր տապանաքարի արձանագրությանը բովանդակային և քերականական, լեզվաբանական տեսանկյունից», - ասվում է monumentwatch-ի հրապարակման մեջ:
Աղբյուրը նշում է, որ պաշտոնական Ադրբեջանի հիմնական մեղադրանքն այն է, որ հայկական կողմը ոչնչացրել է «ադրբեջանական սրբավայրերը, գերեզմանները, կոթողները», նաև թաքցնում է դրանց գոյությունը: Այդ դեպքում, «տարակուսանք» է առաջացնում հետևյալ փաստաթուղթը, որը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մահմեդական, այդ թվում՝ ադրբեջանական կամ վերջիններիս կողմից օգտագործված պատմամշակութային հուշարձանների ցուցակը»: Ցուցակում մարզ առ մարզ ներկայացված են Հայաստանում գտնվող մահմեդական հուշարձանները, դրանց լուսանկարները, համառոտ ինֆորմացիան, դրանց վիճակի նկարագրությունը:
«Հարկ է նկատել, որ ցուցակում առանձին ներկայացված են նաև թաթարական և ադրբեջանական գերեզմանները: Թաքցված չեն նաև նախկին թաթարական գյուղերի տարածքում կառուցված գյուղական մզկիթների շենքերը: Քանի որ ադրբեջանական կողմը առանձնահատուկ կերպով շեշտում է, որ հայկական կողմը իբր ոչնչացնում է սրբավայրերը, ապա նշենք, որ Սյունիքի մարզի տարածքում անխաթար պահպանվում են Լեհվազ գյուղից ոչ հեռու գտնվող Բուղաքարի փիր ուխտատեղին և Շվանիձոր գյուղից ոչ հեռու գտնվող Բաբա Հաջ սրբատեղին, որոնք հատկապես 19-րդ դարից սրբատեղի էին մահմեդական, այդ թվում՝ քուրդ, պարսիկ, թյուրքախոս բնակչության, իսկ խորհրդային տարիներին՝ ադրբեջանցիների համար: Բազմաթիվ նախկին ադրբեջանաբնակ կամ խառը բնակչություն ունեցող գյուղերում պահպանվում են Հայրենական պատերազմի հուշարձաններ, աղբյուրներ, որտեղ արձանագրված են պատերազմում զոհված ադրբեջանցիների անունները:
Խոսելով գերեզմանների պահպանության մասին, ապա դրանց զգալի մասը գտնվում է բավարար ու լավ վիճակում: Իհարկե, կան նաև վնասված գերեզմաններ, տապանաքարեր, ինչը չի թաքցվել, փաստվել է նաև պաշտոնական ցուցակներում, փաստաթղթերում:
Ադրբեջանական կողմը իր մեղադրանքներում չի ներկայացնում որևիցե լուրջ հիմնավորում և փաստարկ, իսկ եղածներն էլ պատմական փաստերի խեղաթյուրում են: Դա լավագույնս երևում է Երևանի մահմեդական ժառանգության մասին «ադրբեջանական մեղադրանքները» ստուգելիս:
Կարևոր ենք համարում նշել, որ հայկական ակադեմիական միտքը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգությանը, հայկական և իսլամական մշակույթների փոխառնչություններին՝ սկսած 7-րդ դարից, երբ Հայաստանը դառնում է Արաբական խալիֆայության մի մասը: Հայ-իսլամական մշակութային փոխառնչությունները դիտարկվել են սելջուկյան արվեստի, մոնղոլական և ետմոնղոլական՝ կարա-կոյունլու, աղ-կոյունլու ցեղերի հետ փոխառնչությունների շրջանակներում», - ամփոփել են monumentwatch-ում: