


Արմինֆո ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն չկա։
«ՀՀ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականին փոխարինված ԺՊ վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան նոր որոշման ընդունումից անմիջապես հետո։
Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։
Եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։
Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը։ Սակայն եթե մինչև այս տարվա վերջ փորձեք QR-ով ստուգել, երկարաձգված ժամկետը չի երևա, քանի որ համակարգը կթարմացվի միայն Կառավարության նոր որոշման ընդունումից հետո», - ասվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հաղորդագրությունում։
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 27-ից արցախցիներին Հայաստանից մեկնելու համար, բացի անձը հաստատող փաստաթղթից, անհրաժեշտ է դարձել նաև ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը։ Այդ պահանջն ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն: Ուշագրավ է, որ մինչև 2023 թվականին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի բնակչության բռնի տեղահանումը 070 կոդով անձնագրերն Արցախի բնակիչներին տալիս էին նույն իրավունքները, ինչ ՀՀ քաղաքացիներին ՝ բացառությամբ ընտրություններին մասնակցելու իրավունքի։



