
Արմինֆո. Բաքվում հասկանում են կեղծ խաղաղասիրության դերը փաշինյանական իշխանության վերընտրության հարցում և փորձում են սահմանադրական փոփոխությունների թեման շատ ավելի թանկ գնով ծախել։ Նման կարծիք է հայտնել ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սահմանադրական փոփոխությունների ողջ թնջուկն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում այն է, որ ստեղի կառավարիչը դա ուզում է ներկայացնել որպես իր նախաձեռնություն, իսկ Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ դա իր պահանջով է արվում:
Իրականության մեջ և´Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում, ուղղակի Նիկոլն իր դեմքը փրկելու համար փորձում է Սահմանադրության փոփոխությունը որպես երկրի ներքին պահանջ ներկայացնել, ինչն ակնհայտորեն այդպես չէ:
Բաքվում հասկանում են կեղծ խաղաղասիրության դերը փաշինյանական իշխանության վերընտրության հարցում և փորձում են Սահմանադրական փոփոխությունների թեման շատ ավելի թանկ գնով ծախել. արանքում ինչ ընթացիկ պահանջ էլ ունեն` «սղցնում» են:
Հայ ժողովրդի համար փաստ է, որ հայաստանյան իշխանությունը զիջում է իր շահերն ու վերջին հաղթաթղթերը, որոնց վաստակելու հետ այս իշխանությունը որևէ առնչություն չունի էլ, իսկ Ադրբեջանը այս կառավարչին նսեմացնելու ճանապարհով ընդլայնում է իր ազդեցությունն ու հնարավորությունները», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը հանրապետությունն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում։ Իսկ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո: Երկրի ընդդիմադիր ուժերը, մինչդեռ, համոզված են, որ նախաձեռնությունը գալիս է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումները, որտեղ հիշատակումներ կան Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման վերաբերյալ: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Օգոստոսի վերջին արդարադատության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նոր պայմանավորվածության շրջանակներում նախատեսվում է անցկացնել 2027 թվականին ։