
Արմինֆո. Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հավանաբար, առաջիկայում կայցելի Հայաստան ՝ 2026 թվականի մայիսի 4-ին, երբ Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: "Այս այցը ներառված է իմ ժամանակացույցում", - ասել է Մերցը՝ դեկտեմբերի 9-ին Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Մեր սերտ համագործակցությունը շատ կարևոր է այս անհանգիստ ժամանակներում։ Ինչ վերաբերում է Ձեր տարածաշրջանին, սրտանց շնորհավորում եմ, պարոն վարչապետ, որ Ձեզ և Ադրբեջանի նախագահին հաջողվեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալ։ Դա մեծ գործ է։ Դաշնային Կառավարությունն այս հարցում մշտապես աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին», - ասել է Մերցը։
Նա "ձեռքբերում" է անվանել այս տարվա մարտին Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցումը, ինչպես նաեւ օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված տրանզիտային և երթուղիների հետ կապված համաձայնությունը, քանի որ դա «բարեկեցության, խաղաղության և զարգացման համար շատ կարևոր է»։
«Հարավային Կովկասի համար սա շատ դրական ազդակ է, որն այս տարածաշրջանից անդին է հասնում։ Քաջալերում եմ Ձեզ հաջորդ քայլերը կատարելու հարցում` լուծելու մնացյալ հարցերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մեր առանձնազրույցի ժամանակ մանրամասնորեն խոսեցինք այդ մասին, երկու կողմերին Գերմանիան կշարունակի աջակցել այս հարցում» - ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ ստորագրված Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագրին՝ Մերցը նշել է, որ երկու երկրներն աշխատում են բոլոր ոլորտներում։
«Երևանում կբացվի «Գյոթե» ինստիտուտ, համագործակցում են բուհերը, քաղաքները։ Ուրախ եմ, որ այս պահին Գերմանիայում բացվում են մի քանի «Թումո» կենտրոններ, որտեղ երիտասարդները ստեղծագործական եղանակով ճանաչում են նորարար տեխնոլոգիաները։ Ինտենսիվացրել ենք նաև մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում, գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը և Հայաստանը կարևոր են Ասիայի և Եվրոպայի միջև՝ որպես հանգուցային կետ։ Եվ մեր ներուժը պետք է օգտագործենք։ Դրա համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ և խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն», - հայտարարել է նա։
Մերցի հավաստմամբ՝ գերմանական ընկերությունները մեծ ներդրում կատարելուց առաջ շատ հիմնովին ուսումնասիրում են իրավիճակը։ «Փոքր և միջին ձեռնարկությունների համար այդքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, բայց նրանք շատ հուսալի և վստահելի գործընկերներ են, երբ ճիշտ շրջանակային պայմաններ են տեսնում կոնկրետ երկրում։ Այդ պատճառով բարեփոխումները շատ կարևոր են, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Դրանք շատ դժվարին են, մենք գիտենք նաև մեր գերմանական փորձից, և վստահ եմ, որ այս ամենը կտա իր արդյունքը», - հավելել է Մերցը։