


Արմինֆո. Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Օտտավայի Կարլտոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի ուսանողների ավանդական դարձած հանդիպումը դեսպան Անահիտ Հարությունյանի հետ։ Ուսանողներին ուղեկցում էր նույն համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Սահադեոն։
Կանադայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, Ա. Հարությունյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, հայ-կանադական քաղաքական օրակարգը, ՀՀ առջև ծառացած անվտանգային մարտահրավերները և վերջին զարգացումները Հարավային Կովկասում, «Խաղաղության խաչմերուկի» նախագծի և Վաշինգտոնյան համաձայնությունների, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի լույսի ներքո, ինչպես նաև Հայաստանի՝ անմիջական հարևանների հետ հարաբերությունները: ՀՀ դեսպանը պատասխանել է ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին։



