


Արմինֆո. Երեկ Գերմանիան և Եվրամիությունը հայաստանյան գործընկերների հետ միասին Գավառ համայնքում՝ Սևանի ափին, տոնել են EU4Sevan+ նոր ծրագրի մեկնարկը։ Այդ մասին ասվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հաղորդագրությունում։
«Գերմանիան և Հայաստանը հոկտեմբերի վերջին կայացած միջկառավարական բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ջրային սեկտորի՝ որպես առանցքային ոլորտի շուրջ կարևորագույն համագործակցության մասին։ Սևանա լիճը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության, մշակույթի, գյուղատնտեսության համար, սակայն վտանգված է աղտոտվածության և կլիմայի փոփոխության պատճառով»,- նշել է Գերմանիայի դեսպանության Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը։
ԵՄ կողմից 3,5 մլն եվրո և Գերմանիայի կողմից 4 մլն եվրո գումարով նախագիծը, որը կիրականացնի GIZ-ը, կշարունակվի մինչև 2028թ․։ Այն հիմնված է Սևանա լճի շուրջ ցայժմ իրականացված արդյունավետ համագործակցության վրա և կլիմայանպաստ ու բնական լուծումներ կառաջարկի համայնքներում ջրահեռացման համար, կխթանի շրջակա միջավայրի վերաբերյալ կրթությունը դպրոցներում, կաշխատի ողջ լճի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման վրա։
«Շնորհակալություն ենք հայտնում Գավառ համայնքին՝ հյուրընկալ արարողության համար և ուրախ ենք, որ կշարունակենք համագործակցել», - ասվում է ԳԴՀ դեսպանատան հաղորդագրությունում։



