
Արմինֆո. Հայաստանի վարչաապետ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո»։
"Ճանապարհային քարտեզը" բաղկացած է երեք կետից ։
«1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրքը պետք է անդրադառնա․
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին,
բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
ե) հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։
3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։
Հ․Գ․ Կանոնագիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում, Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ մայիսի 29 - ից սկսած, երբ կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր «չուլանների» հետ, իսկ նրա կինը ՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին անվանել էր երկրի գլխավոր մանկապիղծներ, կառավարության ղեկավարը հայտարարում է, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ինչի առնչությամբ, ըստ նրա, պետք է հեռանա Վեհարանից։ Այդ առնչությամբ նա հայտարարել է կաթողիկոսին փոխարինելու համար հատուկ համակարգող խումբ ստեղծելու որոշման մասին և մասնակցում է պատարագների, որոնք մատուցում են կարգալույծ հոգևորականները:
Այս ընթացքում կաթողիկոսին փոխարինելու Փաշինյանի պահանջին միացել են 10 եպիսկոպոսներ, կաթողիկոսին սատարող 4 հոգևորականներ տարբեր գործերով հայտնվել են ճաղերի հետևում։ Ինչպես վերջերս հայտարարել է Փաշինյանը, բարեվարքության կանոնները բոլորի համար են, և դրանց պետք է հետևի նաև կաթողիկոսը: Միևնույն ժամանակ, նա խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե՝ այդ դեպքում ինչպես են իր շրջապատում հայտնվել եպիսկոպոսներ, որոնց բարեվարքության առնչությամբ ինքը բազմիցս կասկածներ է հայտնել և հրապարակավ խոսել է այդ մասին: Ընդ որում, նա նշել է, որ ընտրության հարց չկա՝ կաթողիկոսը պետք է հեռանա։