


Արմինֆո. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։
«Հարգելի պարոն վարչապետ, Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը: Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:
Կրկին շնորհակալություն Ձեր շարունակական աջակցության համար», -նշված է նամակում:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են հարաբերությունների կարգավորման մասին հռչակագիր, որից հետո հայտարարել են Նոբելյան կոմիտեին հայտ ներկայացնելու մտադրության մասին՝ Թրամփին Խաղաղության մրցանակի առաջադրելու առաջարկով: Այդ թեկնածությունը պաշտպանել են նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը, Գաբոնի նախագահ Բրիս Քլոտեր Օլիգի Նգեման, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվյե Նդյունգիեհեն և Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին: Սակայն 2025 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը հոկտեմբերին շնորհվել է վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին ։ -



