
Արմինֆո. Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում է´լ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է` ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն և պղծություն: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով "հայկական եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներից առաջ երկրի օրհներգը հնչեցնելու անհրաժեշտության մասին" ՀՀ վարչապետի հրապարակմանը:
Քաղաքական գործիչն արձանագրել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, թե «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ», ցույց է տալիս, որ Փաշինյանը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականին, տեղյակ չի, որ ամբողջ աշխարհում պետության և դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետև չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության և հոգևոր իշխանության տիրույթները:
«Սահմանադրությունը, մեր օրենքները և, գլխավորապես` Քրեական օրենսգրքի 441 հոդվածը (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) կոպտորեն խախտող վարչապետը չի էլ նկատում, որ իր իշխանությունն աստիճանաբար ձեռք է բերում օկուպացիոն ռեժիմի կերպարանք:
Հատուկ ջոկատայիններով գրավելով Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, նա վերածել է իր մասնակցությամբ քաղաքական շոուները ոստիկանական գործողությունների: Իր պառակտիչ և բաժանարար այլանդակությունների իրագործման համար նա հենվում է Եկեղեցու ամենավարկաբեկված, բարոյազուրկ և նյութա- և պատեհապաշտ լյումպենական տարրերի վրա, որոնց կառավարում է քրեական հետապնդման սպառնալիքների և պաշտոններով կաշառման լծակներով:
Այսօրվա իր պարտությունը հենց դրա մեջ էր. նիկոլական կեղծ «պատարագը» ավելի նմանվում էր օտարածին ատելի իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող բռաճնշմանը, քան դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագի:
Այս ձախողումները, սակայն, միայն ավելի են սրում մեր նորօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները, - գրել է ՀԱԿ փոխնախագահը, հավելելով, - Հայոց աշխարհի գերագույն գլխավոր հերձվածողն ու պառակտիչը պետք է հեռացվի, եթե մենք ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ որպես պետականորեն կազմակերպված ազգ»: