


«Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատի անդամ Անդրեաս Ղուկասյանը, ելույթ ունենալով Երևանի Ազատության հրապարակում, Հայաստանի քաղաքացիներին սթափության կոչ է արել: «Եղեք սթափ, որպեսզի հասկանան, որ մենք լի ենք էներգիայով և վճռականությամբ, և չենք ենթարկվի կամայականույթուններին»,-հայտարարել է Ղուկասյանը:
Ինչպես նշել է ընդդիմադիրը, եկել է դիկտատի ու կամայականությունների դեմ միահամուռ պայքարի ելնելու ժամանակը: «Մենք վճռականորեն կոչ ենք անում չեղյալ ճանաչել հանրաքվեի արդյունքները»,-ասել է Ղուկասյանը:
«Սահմանադրական հանրաքվեի արդյունքների 90 տոկոսանող «Ոչ»-ը բարեփոխումների կողմնակիցները «փոխարինեցին» 90 տոկոսանոց «Այո»-ով»,-հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այսօր իշխանությունները փորձարկեցին քվեարկության արդյունքները կեղծելու բոլոր հայտնի ձևերը, օգտագործելով վարչական ռեսուրսները, ներգրավելով կրիմինալին, կիրառելով ընտրակաշառքները և ընտրողների ուռճացրած ցուցակները: Եվ այդ ամենը տեղի էր ունենում ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց վրա իրականացվող ճնշումներին զուգահեռ: Իսկ այդ ամենի արդյունքը եղավ «Ժառանգություն» կուսակցության վստահված անձին ծեծի ենթարկելը: «Միանշանակ է, որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտը սպառել է իր ռեսուրսները, իսկ ընդդիմությունը քաղաքացիական բողոքների միջոցով իշխանափոխությանը հասնելուց բացի այլ ճանապարհ չունի, եթե քաղաքացիների մոտ չի վերացել արժանապատիվ երկրում արժանապատիվ ապրելու ցանկությունը»,-եզրափակել է Մարտիրոսյանը:



