
Արմինֆո. Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց միաբանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր լիակատար զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընտրված Ամենայն հայոց կաթողիկոսին: Հայտարարության մեջ ասվում է․
«Երուսաղէմի Հայ Պատրիարք, Ամենապատիւ Տ․ Նուրհան Արքեպս․ Մանուկեանի հրաւէրով, Սուրբ Երկրի մէջ ծառայող միաբան հայրերու ներկայութեամբ գումարուեցաւ արտահերթ Միաբանական Ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ օրակարգի նիւթ ունենալով «Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ կատարուող իրադարձութիւնները»։
ՄԸԺ-ը, առաջնորդուելով Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ կանոնադրութեամբ, հաւատքի անխախտ սկզբունքներով եւ մեր Սուրբ Եկեղեցւոյ միասնութեան անշեղ հոգածութեամբ, իր լիակատար աջակցութիւնն ու անսակարկ նուիրումը կը յայտնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ազգային-եկեղեցական Ժողովով ընտրուած Ամենայն Հայոց Հայրապետին: Վեհափառ Հայրապետի անուան յիշատակումը Ս. Պատարագներու ընթացքին նոյն ժողովի իրաւական պահանջն է:
Հայց. Առաքելական Ս. Եկեղեցին համաձայն Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան՝ ինքնակառավարուող հաստատութիւն է եւ անջատ պետութենէն: Ներկայ կառավարութեան միջամտութիւնը Եկեղեցւոյ գործունէութեան կը հակասէ Սահմանադրական կարգին:
Հայց. Առաքելական Ս. Եկեղեցիին վերաբերող իւրաքանչիւր խնդիր պէտք է լուծուի համաձայն անոր կանոններու: Ըստ այդ կանոններուն՝ միակ մարմինը, որ իրաւասու է այդ խնդիրները քննելու եւ որոշում կայացնելու, Ազգային-եկեղեցական Ժողովն է:
Վերոնշեալները նկատի առնելով՝ ՄԸԺ-ը կը խնդրէ Վեհափառ Հայրապետէն հրաւիրելու տարիներէ ի վեր ծրագրուող Ազգային-եկեղեցական Ժողովը (հրաւիրուած Եպիսկոպոսական Ժողովէն զատ)՝ Եկեղեցւոյ եւ իր անձին շուրջ ստեղծուած իրավիճակը հանգուցալուծելու համար:
ՄԸԺ-ի յորդորն է հեռու մնալ ըմբոստութեան ոգիէն ու հակառակութիւն ծնող քայլերէն, եւ միայն եղբայրասիրութեան ոգիով ու բարեխորհուրդ միասնութեամբ ամրապնդել մեր Սուրբ Եկեղեցին եւ առաջնորդել զայն դէպի խաղաղութիւն, ճշմարտութիւն եւ հոգեւոր վերածնունդ»։
Նշենք, որ Հայաստանի իշխանություններն այս տարվա մայիսից հակաեկեղեցական ակտիվ քաղաքականություն են վարում և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է հետմահու: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Մինչ օրս 4 բարձրաստիճան հոգևորականներ այս հակաեկեղեցական արշավի շրջանակներում գտնվում են բանտում ՝ մտացածին մեղադրանքներով: