
Արմինֆո. ՀԱԵ Շիրակի թեմի հոգևորականաց դասը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:
Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը: Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ սոցցանցում հաղորդել էր, որ այս կիրակի ՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱԱԾ աշխատակիցները Գյումրիի եկեղեցիների քահանաներին առաջարկում են կաթողիկոսի անունը չարտաբերել առաջիկա կիրակնօրյա պատարագին, որին կարող է ներկա լինել վարչապետը: Հետո պարզվել էր, որ վարչապետը մտադիր է գնալ Սուրբ Հակոբ եկեղեցի, իսկ մինչ այդ վանահայր Ռուբեն քահանա Գասպարյանին այցելել էին ԱԱԾ աշխատակիցներ։ 24News-ի հետ զրույցում Գասպարյանը հաստատել էր, որ իր մոտ, իրոք, եկել էին հատուկ ծառայությունից։ Ընդ որում, հոգեւորականն ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Շիրակի թեմի առաջնորդը, որն այժմ գտնվում է մեկուսարանում՝ իշխանություններին քննադատելու եւ "սահմանադրական կարգը տապալելու" կոչերի համար - խմբ.) անունները հիշատակելուց:
Նախօրեին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը խոստովանել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը հոգևորականներին խնդրում է իր մասնակցությամբ պատարագների ժամանակ չնշել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անունը: «Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) չի հնչում։ Երբ ես նախատեսում եմ մասնակցել պատարագի, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այն փաստը, որ Ներսիսյանին կաթողիկոս չենք համարում", - ասել էր Փաշինյանը։