
Արմինֆո.«Մշակութային ժառագնություն եւ վերադարձի իրավունք․ Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ճանապարհ " խորհրդաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայատյաց հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս Հայաստանը երկրի երեսից ջնջելու ադրբեջանական իշխանությունների ձգտումները: Այդ կարծիքին է կովկասագետ Կարեն Իգիթյանը։
Փորձագետն արձանագրել է, որ մինչ Հայաստանի իշխանությունները բոլոր հարթակներում զեկուցում են "սկսված խաղաղության դարաշրջանի" մասին, Ադրբեջանն ամրապնդում է իր առանց այն էլ խորը կապերը Հայաստանի նոր ռազմավարական գործընկերոջ կամ նրա գործող իշխանությունների հին գործընկերոջ՝ Բրիտանիայի հետ:
"Եվ խաղաղության դարաշրջանի շրջանակներում Ալիևը Հայաստանին մեղադրում է Հայաստանից, իր մեկնաբանությամբ՝ Արևմտյան Ադրբեջանից" ադրբեջանցիների կոտորածի և արտաքսման մեջ, և կրկին հայտարարում է Հայաստանը "խաղաղասեր արևմտյան ադրբեջանցիներով" բնակեցնելու մտադրության մասի։
Այնուհետև հասկանալի է, որ" կոտորածից տուժած համայնքի խաղաղասեր անդամները" կոնֆլիկտ են առաջացնելու, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան "պարզապես չեն կարող չարձագանքել"։ Տարածքային ամբողջականությունը պահպանելու պարտավորությունը ֆորմալ կերպով կպահպանվի, իսկ իր նպատակին հասնելու հնարավորությունը՝ վերացնել Հայաստանը, առավելագույնս կմոտենա", - արձանագրել է Իգիթյանը։
Նշենք, որ այսօր Ալիևը «Մշակութային ժառագնություն եւ վերադարձի իրավունք․ Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ճանապարհ" 3-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում կրկին խոսել է Ադրբեջանի հնագույն պատմության մասին, մոռանալով, որ այդ պետությունը ստեղծվել է միայն 1918 թվականին, և, նույնիսկ, նրա անունը փոխառվել է պարսիկներից:
Այնուհետև նա խոսել է Հայաստանի տարածքում ադրբեջանցիների ինչ-որ կոտորածի մասին, որի մասին, ըստ երևույթին, գիտեն միայն Բաքվի բարձր կաբինետներում, և այն մասին, թե, իբր, նրանցից խլվել է ունեցվածքը։ Ալիևն այդքանով չի բավարարվել և իր ելույթի արդեն հաջորդ պարբերությունում Հայաստանին մեղադրել է "ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու" համար, ճիշտ է, չի նշել, թե ինչ ժառանգության մասին է խոսքը։ "Չափազանց կարևոր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավական հարթությունում գնահատելու համար և ստանալ միջազգային հանրության աջակցությունն այդ հարցում", - ցինիկաբար հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև կոչ է արել ակտիվացնել ջանքերը "Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի ապահովման ուղղությամբ՝ Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային ակտերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում, ինչպես նաև միջազգային հանրության, այդ թվում ՝ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների մասնակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության գործընթացի մեկնարկի ուղղությամբ: Ալիևը, ում ձեռքով հայաթափվել է Արցախը, ոչնչացվել մշակութային և հոգևոր ժառանգության հարյուրավոր օբյեկտներ, ընդ որում, ոչ մի խոսք չի ասել Արցախի բնիկ հայերի իրավունքի մասին, որոնց տները նրանք քանդում և թալանում այս րոպեներին։
"Տեղահանություններից եւ կոտորածներից անմիջականորեն տուժած մարդկանց միավորող "Արեւմտյան Ադրբեջանի համայնքի " զուսպ, կառուցողական մոտեցումը, հաշտեցման եւ երկխոսության հանդեպ նրա բաց լինելը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան իր գործունեությունը կառուցելը, ինչպես նաեւ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգումը արժանի են բարձր գնահատականի: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի հանդիպումը, համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և հավատ են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության ապահովման գործում: Հավատում ենք, որ "Արևմտյան Ադրբեջանի համայնքի" խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը, և մեր ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն", - հավելել է Ալիևը, ով սովոր է ստել, խեղաթյուրել և անթաքույց կեղծել պատմությունը։