


Արմինֆո. Երևանում ընթանում է Եվրասիական հետազոտությունների 6-րդ միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված է ժամանակակից Չինաստանին և Եվրասիային և կազմակերպվել է Քաղաքական և ռազմավարական հետազոտությունների չին-եվրասիական խորհրդի կողմից:
Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 20 երկրների 65 գիտնականներ: Նրանք զեկույցներ կներկայացնեն եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացների, տարածաշրջանային անվտանգության, հետազոտությունների նոր ուղղությունների և արդի աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին:
Խորհրդաժողովի հիմնական զեկուցողը կլինի Հոնկոնգի համալսարանի փոխնախագահ և Ասիական գլոբալ ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հեյվեյ Թանը:
Քաղաքական և ռազմավարական հետազոտությունների չին-եվրասիական խորհուրդն արդեն իսկ կազմակերպել է այս թեմայով հինգ միջազգային գիտաժողով ՝ ստեղծելով կայուն հարթակ եվրասիական հետազոտությունների ոլորտում համագործակցության համար: Խորհրդաժողովի նպատակն է ձևավորել նոր միջազգային գիտական խումբ, որը մշակելու է "Եվրասիական աշխարհաքաղաքականություն" ուղեցույց․ այն նախատեսվում է թողարկել Routledge հրատարակչության շրջանակներում: Routledge-ի հետ համագործակցությամբ արդեն հրատարակվել է չորս գիտական գիրք, և ապագա ուղեցույցը կլինի այդ ոլորտում ամենակարևոր ակադեմիական հավաքածուներից մեկը:


