


Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ "կենսական կարևոր քայլ" է անվանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի կառույցների փակումը:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Վալտոնենի խոսքով, Հարավային Կովկասում ինքն ականատես է եղել "դրական տեղաշարժերի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում":
"Օգոստոսին մենք փոխհամաձայնության եկանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի կառույցների փակման շուրջ, ինչը կենսական կարեւոր քայլ էր, որն աջակցել է խաղաղության գործընթացին եւ վերացրել լուրջ խոչընդոտը ԵԱՀԿ բյուջեի ընդունման ճանապարհին ", - ասել է Էլինա Վալտոնենը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում հաղորդել են Մինսկի գործընթացի բոլոր կառույցների լիովին փակման մասին՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին: Կազմակերպությունում հավելել են, որ այդ գործընթացը դարձել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ի փոխհամաձայնեցված որոշման իրագործումը, որն ընդունվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն սկսել էր ձգտել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը միակ միջազգային ձևաչափն էր, որն ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դեմ չէ այդ քայլին, եթե Ադրբեջանը չի ձգտում օգտագործել ԵԱՀԿ ՄԽ-ի վերացումը հանրապետության դեմ հետագա ագրեսիայի համար: Ռուսաստանում նույնպես հանդես էին եկել այդ կառույցի վերացման օգտին, նշելով, որ այն կորցրել է իր արդիականությունը 2022 թվականի փետրվարից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի միջնորդները առանց բացատրության դադարեցրել են շփումները ռուս միջնորդի հետ ։ Անկախ փորձագետները դեմ էին ԵԱՀԿ ՄԽ-ի փակմանը, համարելով, որ դա անշրջելի կդարձնի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացման գործընթացը:



