
Արմինֆո. ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներայացրել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքները։
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Ի շարունակություն նոյեմբերին Թբիլիսիում ունեցած քննարկումների՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգային հարցերի։ Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղղություններով իրականացվող քայլերի՝ կարևորվել են գործարար կապերի խրախուսմանն առնչվող հետևողական աշխատանքները՝ միտված տրանսպորտային ու տնտեսական ակտիվ հաղորդակցության ապահովմանը:
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով:
Վիեննայում նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները: Երկուստեք ընդգծվել է, որ օրակարգի բովանդակային հագեցվածությունը և հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլում են դրանց ռազմավարական բնույթը։ Անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածների վերագործարկման, նորերի կառուցման ուղղությամբ ընթացիկ քննարկումներն ու առկա հնարավորությունները։