
Արմինֆո.Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողները դասադուլ են սկսել՝ արգելափակելով տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Արմինե Կոլյանի մուտքն ուսումնական հաստատության: Այդ մասին ասվում է Գորիսի պետական քոոլեջի ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։
Դասադուլը սկսվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով 16 տարի քոլեջի տնօրենի պաշտոնն զբաղեցնող Կարեն Լազարյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ: Դեկտեմբերի 2-ին քոլեջի երեք տասնյակ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել։ Սակայն Լազարյանի հորդորով նրանք հետ են վերցրել այդ դիմումները։ "Սակայն, չնայած դրան, այսօր ՝ դեկտեմբերի 4 - ին, քոլեջում ուսումնական գործընթացը չի վերսկսվել", - նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանել են քոլեջում, դասախոսներն ու ուսանողները որոշել են արգելափակել հաստատության մուտքն այնքան ժամանակ, քանի դեռ ԿԳՄՍՆ ղեկավարը մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ չի ներկայացրել: Նրանք, նախ, պահանջել են ներկայացնել աշխատանքից ազատման հիմնավորումները և Կարեն Լազարյանի հետ աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պատճառները: Այնուհետև քոլեջի հայտարարության մեջ ուշադրություն են դարձրել, որ Գորիսում օրեր շարունակ խոսակցություններ են շրջանառվում նորանշանակ պաշտոնակատարի հավաստագրի արժանահավատության շուրջ։ «Այդ հարցում պարզություն մտցնելու նպատակով, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, երեք անգամ հարցում է ուղղվել Ժաննա Անդրեասյանին՝ տրամադրելու Արմինե Կոլյանի՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ի հավաստագրման քննության հիմքերը, մասնավորապես հարցազրույցի ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները և հանձնաժողովի որոշումը տրամադրելու համար։ Սակայն նախարարը մինչև հիմա թաքցնում է նորանշանակի հավաստագրի հիմքերը՝ օրենքով սահմանված որևէ պատճառ (մերժման համար) չնշելով», - նշվում է հաղորդագրությունում։
Այդ առնչությամբ Գորիսի քոլեջում նշել են, որ ԿԳՄՍ նախարարության ներկայիս ղեկավարները որևէ մեկին հենց այնպես հավաստագիր չեն տալիս և կրթական հաստատության տնօրեն չեն նշանակում։ «Ուստի և նախարարը պետք է անկեղծանա ու պատասխանի՝ ո՞վ է միջնորդել, ո՞վ է շահագրգռել նախարարությանը, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում զրո փորձ ունեցող տիկնոջը նշանակեն Գորիսի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար», - ընդգծվում է հաղորդագրությունում։
Վերջում քոլեջի աշխատակիցները նախարարից բացատրություն են պահանջել, թե ինչու և ինչ նպատակով է ս․թ․ հոկտեմբերի 6-ին Արմինե Կոլյանը նշանակվել գոյություն չունեցող «Գորիսի պետական բազմագործառութային պետական քոլեջի» տնօրեն և ինչո՞ւ է 60 օր հետո նա ազատվել այդ պաշտոնից, թե՝ 60 օր շարունակ որտեղ էր Արմինե Կոլյանը, և ինչու նախարարությունը նրան պատասխանատվության չի ենթարկել՝ մեկ րոպե անգամ իր գործառույթները չկատարելու համար։
«Վերոնշյալ պահանջներով է Գորիսի պետական քոլեջի աշխատակազմն ու ուսանողությունը դուրս եկել դասադուլի և գործադուլի։ Քանի դեռ այդ հարցերի պատասխանը չի տրվել՝ Արմինե Կոլյանը չի կարող համարվել Գորիսի պետական քոլեջի տնօրենի լեգիտիմ պաշտոնակատար։
Եվ որպեսզի ստեղծված խայտառակ իրավիճակը շուտ շտկվի և Արմինե Կոլյանը դուրս գա ոչ լեգիտիմի ու դրածոյի կարգավիճակից՝ Ժաննա Անդրեասյանը պետք է չթաքնվի և առերեսվի իրականության հետ՝ տալով պահանջվող բացատրությունները», - եզրափակել են պետական քոոլեջում։
Հայտնի է դարձել նաև, որ ոստիկանությունը բռնի ուժով ապահովել է Կոլյանի մուտքը ուսումնական հաստատություն:
ԱրմԻնֆո-ն փորձել է պարզել ԿԳՄՍՆ դիրքորոշումը տվյալ իրավիճակի վերաբերյալ, սակայն նախարարությունից խնդրել են գրավոր հարցում ուղարկել: Հրապարակման պահին նախարարությունից խմբագրության հարցմանը պատասխան չի ստացվել։
Հավելենք, որ հոկտեմբերի 6-ին Գորիսի պետական քոլեջում հայտարարվել էր անժամկետ դասադուլ՝ քոլեջը Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ միավորելու որոշման պատճառով: Բացի այդ, դա պայմանավորված էր այն հնգամանքով, որ երկու քոլեջների միավորման դեպքում ղեկավարության ղեկին կարող էր հայտնվել կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության շահերը ներկայացնող անձ։