
Արմինֆո. Մրցակցությունը, այդ թվում ՝ զինված ուժերում զինծառայողների ատեստավորման ժամանակ, միշտ կրում է անհավասարության և հավասարության տարրեր։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթին։
Նախկին նախարարը, մասնավորապես, նշել է աշխատավարձի բազային չափի բարձրացման անհրաժեշտությունը, այլ ոչ թե՝ ատեստավորման միջոցով դրա բարձրացումը: Օհանյանի խոսքով ՝ ատեստավորումն իր մեջ անհավասարության տարրեր է պարունակում։
Մինչդեռ, ինչպես կարծում է պաշտպանական գերատեսչության ներկայիս ղեկավարը, չի կարելի զանգվածաբար բարձրացնել բոլոր զինծառայողների աշխատավարձը՝ առանց բացառության, քանի որ դա հանգեցնում է մոտիվացման կորստի։ "Նույնիսկ, եթե համապատասխան միջոցներ լինեն, հնարավոր կլինի որոշ կատեգորիաների զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը որոշ չափով դիտարկել, բայց ես դեմ եմ դրանց մասսայական աճին։ Համեմատության համար նշենք, որ այսօր ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը 205 հազար դրամից դարձել է 470 հազար դրամ, ինչը, ի վերջո, քիչ գումար չէ։ Եթե նման հնարավորություն ստեղծվել է բոլորի համար, ինչու դրանից չեն կարող օգտվել բոլորը", - ընդգծել է Պապիկյանը։
Նա նշել է, որ ԱԺ պատգամավորներից մեկի որդին որոշել է շարունակել ծառայությունը բանակում "Պաշտպան հայրենյաց" ծրագրի շրջանակում, ինչը ևս խոսում է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ծրագրի նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին: Նախարարը նշել է, որ բանակում ծառայության ժամկետի կրճատումը 24 ամսից մինչև 18 ամիս մեկ նպատակ ունի․ որքան հնարավոր է արագ երկրի զինված ուժերը հասցնել պրոֆեսիոնալ մակարդակի։
Նշենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում են "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն, Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի կես տարով: