


Արմինֆո.Հայաստանում մեկնարկել է վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմանն ուղղված հանրագրի ներքո համապետական ստորագրահավաքը: Այդ մասին դեկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է "Մեր ձեւով" շարժման ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով, ընթացիկ տարվա մայիսին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի սեփականատերերը դիմում են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի համաձայն, արդյունավետ կառավարման արդյունքում հաջողվել է կուտակել շուրջ 3 մլրդ դրամ, որը կարելի էր ուղղել բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորմանը ' իջեցնելով սակագինը: Սակայն ՀԾԿՀ-ը հրաժարվել է այդ նախաձեռնությունից, պատճառաբանելով, որ սակագնի հարցին կվերադառնա տարեվերջին, իսկ կուտակված 3 մլրդ դրամը կարող է անհրաժեշտ լինել։ Մինչդեռ, ինչպես շարունակել է Մելոյանը, հաջորդ ամիսներին նշված գումարը ոչ միայն չի պակասել, այլև ավելի քան կրկնապատկվել է ՝ կազմելով ավելի քան 6 մլրդ դրամ։
Մելոյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 30-ին "Տաշիր Կապիտալ" ընկերությունը, որի կազմում է ՀԷՑ-ը, կրկին հայտ է ուղարկել ՀԾԿՀ ՝ նախկին միջնորդությամբ, սակայն դեկտեմբերի 3-ի դրությամբ կարգավորիչը հայտին որևէ կերպ չի արձագանքել: Այդ առնչությամբ "Մեր ձեւով" շարժումը որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով կազմակերպել համապետական ստորագրահավաք, որն այնուհետև հանրագրի տեսքով կներկայացվի ՀԾԿՀ: Մելոյանը նշել է, որ հանրագիրը հանրային վերահսկողության մեխանիզմներից և պետական մարմինների նկատմամբ պահանջներից մեկն է:



