
Արմինֆո. Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում Գործընկերության Խորհրդի նիստի արդյունքներով Հայաստանն ու Եվրոպական միությունը կստորագրեն ռազմավարական գործընկերության օրակարգը: Այդ մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է Եվրոպական միության ընդլայնման քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոսը։
Գործընկերության նոր օրակարգը կստորագրեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը:
"Տեղի կունենա Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստ, որտեղ մենք կընդունենք Հայաստանի և Եվրոպական միության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգը, որը կդառնա գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ այն բանի, թե ինչ կարող ենք անել", - ըստ "Արմենպրես"-ի՝ ասել է Մարթա Կոսը: Նա հստակեցրել է, որ օրակարգը պարունակում է աջակցություն, որը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը և ինստիտուտների ամրապնդմանը: Գործընկերության նոր օրակարգը կներառի նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Մարթա Կոսը հավելել է, որ իրենք կաջակցեն Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության տարածմանն ու կիբեռհարձակումներին հակազդելու հարցում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նա հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը չի փոխվում, իսկ այդ երկրի նախագահը շարունակում է օրակարգում պահել, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջանի" մասին նարատիվը, Կոսը հայտարարել է, որ լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում:
"Ես եղել եմ Բաքվում, խոսել եմ Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև ձեր նախագահի, ձեր վարչապետի հետ Երևանում։ Ես շատ դրական ազդակներ եմ ստացել երկու երկրներից։ Այնպես որ, այո, ես հավատում եմ: Ես հավատում եմ խաղաղության հնարավորությանը, և, գիտեք, այն, ինչ հիմա տեղի է ունենում, արդեն դրական ուղղությամբ զարգացում է", - ասել է Կոսը։ Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի են ունեցել հայ և ադրբեջանցի փորձագետների փոխայցելություններ, ինչը նախկինում, պարզապես, աներեւակայելի էր։
ԵՄ գերագույն հանձնակատարը նաև ընդգծել է Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման գործում: "Վաղը հանդիպելու եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Մենք հետևում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում իրադարձությունների զարգացումներին։ Կողքից դիտելով՝ կարելի է կասկածել մտադրությունների իրական լինելուն։ Ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ դրան մասնակցում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին է, որը շատ ավելին է, քան, պարզապես, երկու երկրների միջև խաղաղությունը, խոսքը տարածաշրջանային խաղաղության մասին է։ Հենց այդ պատճառով ես շատ դրական եմ տրամադրված։ Եվ, իմ կարծիքով, այո, այս խաղաղության պայմանագիրը դեռ պետք է ստորագրվի, բայց մենք՝ բոլորս, ներառյալ Եվրամիությունը, պետք է հնարավորինն անենք, որպեսզի ձեր երկիրը (Հայաստանը) և Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ: Եվ հենց դրա վրա ենք մենք աշխատում եւ դա ենք ակնկալում", - եզրափակել է Մարթա Կոսը։
Կոսն անդրադարձել է նաև "Թրամփի երթուղի" (TRIPP) նախագծին Եվրամիության մասնակցության հնարավորությանը և փաստել, որ այդ նախագծի իրականացումը համաձայնագիր է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը նույնպես բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ այդ հարցի շուրջ՝ նկատի ունենալով ընդհանուր փոխկապակցվածության ավելի մեծ պատկերը: "Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է։ Դա ընդամենը 42 կիլոմետր ճանապարհ է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, վերաբերի ոչ միայն այդ 42 կիլոմետրանոց հատվածին, այլև՝ այն ամենին, ինչ գնում է դեպի արևելք և արևմուտք, և՝ որ այդ ամենն արվի միաժամանակ",- ասել է ԵՄ գերագույն հանձնակատարը։ Նա հաղորդել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին խնդրել է ներկայացնել այդ համապարփակ փոխկապակցվածության ապահովման տեսանկյունից Հայաստանի համար առավել կարևոր առաջնահերթությունների ցանկը: "Մենք ունենք նաև մեր գաղափարները։ Մենք այդ հարցերը քննարկում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ուստի, մենք իմաստ չենք տեսնում դա անել մաս առ մաս: Բայց այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների համագործակցությունը կամ մասնակցությունը նույնպես շատ ավելի կարևոր է, քան, պարզապես, 42 կմ երկաթուղու կառուցումը", - ընդգծել է Կոսը։