


Արմինֆո. Թեհրանում պաշտոնապես գործարկվել է մետրոյի 6-րդ գծի "Սուրբ Մարիամ" կայարանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանատունը։
«Նոյեմբերի 29-ին բացվել է մետրոպոլիտենի 6-րդ գծի "Սուրբ Մարիամ" կայարանը: 11 000 քառակուսի մետր մակերեսով այս կայարանը կառուցվել է հայկական Մայր տաճարի հարևանությամբ և սպասարկում է Օստադ Նեջաթոլահի և Քարիմխան Զանդ փողոցների հատումը", - ասվում է Իրանի դեսպանատան թվիթերյան (X) գրառման մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ մետրոյի նոր կայարանը ձեւավորված է քրիստոնեական ոճով. պատերին կարելի է տեսնել Աստվածածնին, Տեր Հիսուս Քրիստոսին պատկերող խորաքանդակներ, Սուրբ հոգու խորհրդանիշ աղավնի, խաղողի վազեր և քրիստոնեական խաչեր: Մարիամ Աստվածածնի պատկերին կից պատկերված են կայարանից ոչ հեռու գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու ծաղիկներն ու ճարտարապետական մոտիվները: Իշխանություններն ընդգծում են, որ Աստվածածնի անվան տակ կայանի բացումը քրիստոնեական համայնքի հանդեպ հարգանքի նշան է և կրոնական հանդուրժողականության խորհրդանիշ:



