
Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է "Հայկական ճանապարհ" աջակենտրոն կուսակցություն։ Նոր կուսակցությունը, որն իր գործունեությունը կառուցելու է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանի գլխավորած "Հայաստան 2026" շարժման գաղափարական հիմքի վրա, մտադիր է մասնակցել 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախօրեին Երևանում տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը։
"Ես մտել եմ քաղաքականություն, քանի որ այլեւս ընդունելի չէ ապրել մի երկրում, որի ապագան որոշում են հակառակորդ երկրների կամքով, առաջնորդվելով արտաքին շահերով եւ բացառապես անձնական շահեր հետապնդող մարդկանց պատկերացումներով",- ասել է Նարեկ Մանուկյանը՝ ելույթ ունենալով հիմնադիր համագումարի բացմանը:
Նրա խոսքով՝ այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գլոբալիզմի անվան տակ կտրում են մարդկանց ինքնությունից և ենթարկում իրենց շահերին։ Մինչդեռ, հայերը, այդ թվում ՝ իրենց փոքրաթիվ լինելու պատճառով, մինչ օրս գոյություն ունեն հենց ազգային ինքնության պահպանման, իրենց լեզվի ու հավատքի շնորհիվ, հավելել է նա։
Մանուկյանը նշել է, որ "Հայկական ճանապարհ" կուսակցությունն աջակենտրոն է։ «Համոզված ենք, որ ազատ շուկան, ձեռներեցությունը, նախաձեռնողականությունը և մրցունակ տնտեսությունը ստեղծում են պետության հզորությունը: Միաժամանակ, պետությունը չի կարող խոցելի խավերին թողնել բախտի քմահաճույքին, ինչը հանդիսանում է աջակենտրոն գաղափարախոսության հիմքը", - նշել է նա։
Մանուկյանը կարծում է, որ ներկայումս Հայաստանը խոցելի է անվտանգության համակարգի առումով. առկա է անձնակազմի և սպառազինության պակաս, բանակում ծաղկում են թմրամոլությունն ու խաղամոլությունը: Այդ առնչությամբ նա առաջարկում է հավաքների փոխարեն տեղերում բնակչության շրջանում նախապատրաստություն իրականացնել, ստեղծել արտաբյուջետային ֆոնդ, որը կհամալրվի քաղաքացիների և Սփյուռքի կողմից, ստացված գումարով զենք գնել և արտադրել, ինչպես նաև կառուցել ստորգետնյա մոդուլային շինություններ։ Բացի այդ, ինչը չափազանց կարևոր է, անհրաժեշտ է ձևավորել «հաղթողի հոգեբանություն, քանի որ հաղթանակը սկսվում է գլուխներից»:
Միաժամանակ, Հայաստանին անհրաժեշտ են իրական դաշնակիցներ։ Մանուկյանը կարծում է, որ հիմա Հայաստանը գրեթե չունի դրանք, իսկ նրանք, ովքեր կան, զոհաբերում են մեզ հանուն սեփական շահերի։ Նոր կուսակցությունն առաջարկում է բարեկամություն անել նրանց հետ, ովքեր հակասություններ ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Ընդ որում, Մանուկյանը կարևորում է ազգի և հասարակության համախմբումը, քանի որ մասնատված հասարակությունը չի կարող հաղթել արտաքին թշնամուն:
Նա անվտանգության մեկ այլ լուրջ մարտահրավեր է համարում ժողովրդագրությանն առնչվող խնդիրները։ Նախորդ տարի ՀՀ-ում ծնվել է 33 000 երեխա, մահացությունը ՀՀ-ում կազմել է 25 000: Եղել են տարիներ, երբ ծնվել է ավելի քան 80 000 երեխա, ծնելիությունը խթանելու համար նա առաջարկում է 1-3 երեխայի մայրերի եկամտահարկը նվազեցնել (յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում երկու տոկոսով), իսկ 4-ից ընդհանրապես զրոյացնել:
Նշենք, որ "Հայաստան 2026" շարժումն իր ստեղծման օրվանից գործում է ընդդիմադիր դաշտում և հանդես է գալիս "Մենք" կարգախոսով: Շարժման առաջնորդ Նարեկ Մանուկյանն արդեն մի քանի ամիս ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում. հանդիպումներ է ունենում հասարակական - քաղաքական նախաձեռնությունների հետ և ներկայացնում իր տեսակետները երկրի արդիական խնդիրների վերաբերյալ:
Մանուկյանը ուռուցքաբանության ազգային կենտրոնը ղեկավարել է 2019 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի ապրիլը։ 2023 թվականի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ցուցակով դարձել է անկուսակցական ավագանու անդամ, սակայն 2025 թվականի ապրիլին հայտարարել է, որ սեփական ցանկությամբ վայր է դրել լիազորությունները։