


Արմինֆո. Անազատության մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես են եկել հայտարարությամբ ՝ Հայաստանի գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավին միացած Հայ Առաքելական Եկեղեցու 10 եպիսկոպոսների գործողությունների առնչությամբ: Բանտից արքեպիսկոպոսների տարածած ուղերձում ասվում է․
«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.
ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը` դավադիր, գաղտագողի վարքով,
բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք դառնալով նրանց ձեռքին,
գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում,
դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին` անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: Միևնույն ժամանակ պնդելով` ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:
Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս»:
Ավելի վաղ մի խումբ հոգևորականներ միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին ՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսին լքել պաշտոնը:



