


Վաղ առավոտից լրագրողներն ու դիտորդները մի շարք խախտումներ են արձանագրել Երևանի 114 դպրոցում տեղակայմված ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների և դիտորդների հաղորդումների համաձայն, վաղ առավոտից անհայտ անձինք դպրոցի բակում մարդկանց 9-րդ ձևի թերթիկներ են բաժանել, որոնցով քվեարկում են ընտրողների լրացուցիչ ցուցակներում ներառված մարդիկ: Ուշագրավ է, որ բոլոր նրանք, ում բաժանվել են այդ թերթիկները, Կոտայքի մարզի բնակիչներ են, իսկ լրագրողների այն հարցերին, թե ինչու են Կոտայքի մարզում ապրողները հայտնվել մայրաքաղաքի լրացուցիչ ընտրացուցակներում, և որ հասցեով են նրանք, ընդհանրապես, քվեարկում, քաղաքացինեը չեն կարողացել հոդաբաշխ պատասխան տալ:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդ առնչությամբ բողոքել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով տիկնոջ հետ եկել էր կատարելու իր քաղաքացիական պարտքը: Լսելով պատգամավորին` Օհանյանը հայտարարել է, որ եթե Փոստանջյանը խախտումների վերաբերյալ տվյալներ ունի, այդ մասին պետք է հաղորդի իրավապահ մարմիններին: Փոստանջյանը հավաստիացրել է, որ հենց այդպես էլ վարվել է:
Քվեարկությունից հետո Օհանյանը հայտարարել է, որ քվեարկել է հանուն հանրապետության ապահով ապագայի և զարգացման, հանուն բոլոր ստեղծարար ուժերի ներգրավմամբ կառավարման համակարգի ձևավորման, հանուն Հայաստանի անվտանգության:



