
Արմինֆո. «Հայաստանյան քաղաքական կյանքում երեկ տեղի ունեցավ վտանգավոր նախադեպ: Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում հանդիպեց այն եպիսկոպոսների խմբին, որոնք նախօրեին հրապարակային հարված էին հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հանդիպեց՝ շնորհակալություն հայտնելով «սկզբունքայնության» համար։ Բայց իրականությունը շատ ավելի խորը և անհանգստացնող է»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և "Միասնության թևեր" քաղաքական շարժման անդամ Դավիթ Անանյանը:
«Երբ պետության ղեկավարը շրջանցում է Կաթողիկոսին և առանձնահատուկ ելք է որոնում Եպիսկոպոսաց դասի ընտրովի խմբի հետ, դա այլևս «քննարկում» չէ։ Դա փորձ է ներխուժելու Եկեղեցու ինքնավար դաշտ, վերաձևելու ներսում ձևավորված հավասարակշռությունները և իշխանական լոյալությամբ պայմանավորելու եկեղեցական կյանքը։
Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե «Հայաստանյայց Եկեղեցին այսօր կաթողիկոս չունի»։ Հիմա այդ նույն ուղերձը վերածվում է գործողության՝ փակ սրահներում «ընտրյալների» հետ հանդիպումներով։
Սա այլևս միայն եկեղեցու ճգնաժամը չէ։ Սա պետություն–եկեղեցի հարաբերությունների վտանգավոր շրջադարձ է, որտեղ քաղաքական շահը փորձում է գերակայել հոգևոր ինքնության նկատմամբ։
Եվ եթե այս ուղին չկասեցվի, մենք կարող ենք կանգնել ոչ միայն ինստիտուցիոնալ քայքայման, այլև հասարակական նոր բևեռացման առաջ՝ հավատքի դաշտի քաղաքականացմամբ։
Հարցն այլևս պարզ է․ ո՞վ է որոշելու մեր հոգևոր կյանքի ապագան՝ ժողովուրդն ու եկեղեցի՞ն, թե՞ իշխանության տակտիկական հաշվարկները», - գրել է Անանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նախօրեին իշխանամետ հարթակները ՀԱԵ 13 եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն էին տարածել, որում դատապարտվում էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անգործությունը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութի առնչությամբ: Ընդ որում, հրապարակված հայտարարությունում հոգեւորականների ստորագրություններն առանձին թերթիկի վրա են։ ՀԱԵ եպիսկոպոսների հայտարարության տեքստում նշվում է, որ նոյեմբերի 5-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է գնահատական տար Խաչատրյանին վերագրվող տեսանյութին: Ընդ որում, նշվում է, որ հանձնաժողովը դիմել է Հայաստանի քննչական կոմիտե ՝ տվյալ ձայնագրության իսկությունը պարզելու համար։ Սակայն, եպիսկոպոսների այս հայտարարության բովանդակության համաձայն, կաթողիկոսը տեսագրության իսկությունը հաստատած փորձաքննության արդյունքները համարել է առ ոչինչ։ Այդ կապակցությամբ հոգևորականության ներկայացուցիչները հայտարարել են, որ Եկեղեցու հեղինակությանը վնաս հասցնող այս հարցի վերաբերյալ Գարեգին Բ-ի պահվածքը խիստ մտահոգիչ է, և կոչ են արել "եպիսկոպոսաց եղբայրներին միանալ սրբապիղծ քահանայից ազատմանը": Սկանդալի ֆոնին 13 եպիսկոպոսներից երկուսը, որոնց անունները հայտնվել են հայտարարության ներքո, լրագրողներին հայտարարել են, որ կաթողիկոսի դեմ որևէ թուղթ չեն ստորագրել:
Ընդ որում, արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ տվյալ քննության շրջանակներում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցաքննության ընթացքում ոչ իրեն, ոչ արքեպիսկոպոսին առանձին չի ներկայացվել փորձաքննություն նշանակելու մասին որոշում, ինչպես նաև՝ փորձաքննության եզրակացություն: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նման փորձաքննություն չի նշանակվել և չի իրականացվել ։ Սույն պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննության նշանակման և անցկացման կարգի վրա: «Բացի այդ, ակնհայտ է, որ, նույնիսկ, եթե գոյություն ունենար նման փորձագիտական եզրակացություն, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում ՝ վերոնշյալ եպիսկոպոսներին ՝ նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով: Հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը ՝ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պարտավոր է հստակ և սպառիչ պարզաբանումներ ներկայացնել այս հարցի վերաբերյալ», - նշել է փաստաբանը։
Ինքը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում եկեղեցում իրեն զբաղեցրած պաշտոնից հեռացնելու համար: "Ինչու՞ ես պետք է հեռանամ։ Նման որոշման համար պետք է լինեն իրավական, կանոնական, բարոյական կամ, գոնե, տրամաբանական հիմքեր ։ Ես նման հիմքեր չեմ տեսնում։ Արդյո՞ք ես պետք է որոշումներ կայացնեմ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ դա պահանջում են: Իհարկե ՝ ոչ", - նշել է Խաչատրյանը։
Այդուհանդերձ, արդեն կեսօրին կառավարության նիստից հետո ճեպազրույցում Փաշինյանը ողջունել էր եպիսկոպոսների այդ հայտարարությունը եւ հայտարարել, որ պատրաստ է անմիջապես հանդիպել եպիսկոպոսների հետ, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը։ Երեկոյան եպիսկոպոսները (Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը) եկել են նրա մոտ հանդիպման, և վարչապետը "շնորհակալություն է հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար ":