


Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը մարտում փորձարկված ռուսական զենքով վերազինելու մասշտաբային ծրագիր գործարկել: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
"Առաջարկում ենք գործարկել հավաքական ուժերը ռուսական սպառազինության և տեխնիկայի ժամանակակից նմուշներով զինելու մասշտաբային ծրագիր, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունն իրական ռազմական գործողությունների ընթացքում", - հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է դաշնակիցների հետ հետագա փոխգործակցություն ՀԱՊԿ ռազմական ներուժի ամրապնդման բոլոր հարցերի շուրջ: Ընդ որում, նա ընդգծել է, որ այս պահին զարգացման առաջնային ուղղություններն են ազգային զորախմբերի մարտունակության բարձրացումը և հավաքական ուժերի կառավարման բարելավումը:
Նոյեմբերի 27-ին Բիշքեկում ղրղզական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Հայաստանը միջոցառումներին չի մասնակցել։ Հաջորդ նիստը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերին Մոսկվայում։
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է 2022 թվականի վերջից ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



