


ԶԼՄ-ներն արդեն խախտումներ են արձանագրել սահմանադրական հանրաքվեի քվեարկության գործընթացում:
Այսպես, «Սանիթեք» ընկերության Մալաթիա-Սեբաստիայում գործող մասնաճյուղի ղեկավարությունն աշխատակիցներին ստիպում է գնալ քվեարկելու: Նրանցից ապացույց են պահանջում քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ` սպառնալով աշխատանքի չթողնել քվեարկությանը չմասնակցած աշխատակիցներին:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության դիտորդներնը հաղորդում են, որ Ավան համայնքի տարբեր ընտրատեղամասերի մոտ կանգնած են «Z+» և «Միլենա» տաքսի-ծառայությունների ավտոմեքենաներ, որոնց սեփականատերը, ըստ ԶԼՄ-ների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, և «Այո» քարոզչական շտաբների քաղաքացիներին բերում են ընտրատեղամասեր: Իսկ Սպանդարյանի անվան դպրոցում գտնվող 9/11 ընտրատեղամասում, որտեղ քվեարկելու է նախագահ Սերժ Սարգսյանը, պետության ղեկավարի անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են խոչընդոտել լրագրողների մուտքն ընտրատեղամաս: Միայն ընտրական հանձնաժողովի անդամների միջամտությունից հետո միջադեպը հարթվել է:



