

Արմինֆո.Հայաստանի օրակարգում այս փուլում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարց չկա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:
Ընդ որում, նա խոստացել է այդ մասին տեղեկացնել, եթե հանկարծ նման գործընթացներ սկսվեն ։ Անդրադառնալով նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն՝ Սաֆարյանը փաստել է, որ կառույցի միջոցառումներին Հայաստանի մասնակցության ձևաչափն ու քաղաքականությունն արդեն հայտարարվել է: "Հայաստանն այս փուլում չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, բայց և չի խոչընդոտում որևէ որոշման կամ փաստաթղթի ընդունմանը։ Այդպիսին է մեր քաղաքականությունն այս փուլում", - նշել է փոխարտգործնախարարը, հավելելով, որ երկիրն իր արտաքին քաղաքականությունը վարում է՝ հաշվի առնելով սեփական շահերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Հայաստանը բոյկոտում է 2022 թվականի վերջից ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները ։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար ։



