
Արմինֆո. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (UNFPA) և SafeYou հավելվածի թիմը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ միջոցառում են անցկացրել "Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակ" քարոզարշավի շրջանակներում: Ուշադրության կենտրոնում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են թվային միջավայրում բռնության սրընթաց փոփոխվող դրսևորումները, դրանց կանխարգելման և արձագանքման մեխանիզմները:
Ինչպես հաղորդում է UNFPA-ի մամուլի ծառայությունը, իր ողջույնի խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշել է, որ թեև Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում օրենսդրության կատարելագործման և ծառայություններ մատուցողների հզորացման գործում ներդրումներ կատարելու շնորհիվ, առցանց բռնությունը նոր չափում է, որը պահանջում է ուշադրություն և համատեղ գործողություններ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն իր հերթին առանձնապես կարևորել է հանրային իրազեկման միջոցառումները: "Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, բռնությունը տարածվում է նաև առցանց տարածքներում։ Այստեղ կարևոր է հատկապես հանրային իրազեկումը, որը կօգնի բոլորիս ձեռք բերել թվային գրագիտություն ու կկանխարգելի բռնությունը։ Առցանց բռնությանն արձագանքման գործում կարևոր է նաև բազմամասնագիտական համայնքի, բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը, որպեսզի համատեղ ուժերով թվային տարածքները դարձնենք անվտանգ և այն իրոք ծառայի իր նպատակին՝ լինի հարթակ մարդկային շփման, առաջնորդության և հզորացման համար", - նշել է նա:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում ընդգծել է, որ գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանի կառավարության հստակ նպատակն է, և դրան հասնելու ճանապարհին կան շոշափելի ձեռքբերումներ: "16-օրյա քարոզարշավը կատարված աշխատանքի վառ պահերից մեկն է միայն։ Ես նաև շատ ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի է, ինչ նման հարթակներում տեսնում եմ ոչ միայն կանանց և աղջիկների, այլև՝ տղամարդկանց: Դա վկայում է բռնության դեմ միասնական ուժերով պայքարելու մեր ընդհանուր պատրաստակամության մասին", - հավելել է նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն իր ելույթում նշել է ընտանեկան բռնության ենթարկված կանանց պաշտպանության և աջակցության նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման և երկարաժամկետ արդյունքների ապահովման նպատակով այս ոլորտում ժամանակակից թվային գործիքների կիրառման հարցերը:
Իսկ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազա Ժակոբը փաստել է, որ թվային բռնության կանխարգելումը լուրջ մարտահրավեր է, քանի որ գոյություն ունեցող պաշտպանական համակարգերը, հատկապես, արհեստական բանականության սրընթաց զարգացման պայմաններում, դեռևս լիարժեք չեն գործում: "Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ը սահմանել է թվային անվտանգության և ԱԲ կառավարման հետ կապված միջազգային ստանդարտներ և բանաձևեր, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Անվտանգ թվային միջավայր ստեղծելու այս աշխատանքում, որտեղ յուրաքանչյուրը կարող է սովորել, աշխատել և արտահայտվել առանց վախի, ինչպես առցանց, այնպես էլ իրական միջավայրում, կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը ՝ պետության, ազգային ինստիտուտների, միջազգային հանրության, ինչպես նաև մասնավոր հատվածի", - ընդգծել է Ժակոբը:
Միջոցառման ընթացքում Safe YOU-ի օպերատիվ տնօրեն Լիլիթ Շախուլյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության մասնագիտամեթոդական ապահովման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը ներկայացրել են Safe YOU-ի ահազանգերը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համակարգում ինտեգրելու գործընթացի արդյունքները: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Եվրամիության կողմից աջակցվող այս գործընկերության շնորհիվ, Safe YOU հավելվածի օգտատերերը կարող են նաև ահազանգող հաղորդագրություններ ուղարկել իրենց գտնվելու վայրով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի համակարգ ՝ "զանգ" կոճակի մեկ հպումով:
Միջոցառումն անցկացվել է "Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը և ազգային ինստիտուտների ամրապնդմանը" ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: