
Արմինֆո. 2020 թվականի աշնան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը զեկույցի իրավական կարգավիճակ չունի։ Այդ մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի "Երբ զեկույցը չունի զեկույցի իրավական կարգավիճակ" վերտառությամբ հայտարարության մեջ, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:
«Հայտնում եմ, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի՝ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու ու դրանց վերաբերյալ պարզաբանումներ տալու, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու եւ դիրքորոշումս ամբողջությամբ հիմնավորելու նպատակով իմ կողմից ս.թ. հուլիսի 15-ին և հոկտեմբերի 28-ին ԱԺ նախագահին հասցեագրված դիմումներին ի պատասխան նոյեմբերի 13-ին ստացել եմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պատասխանը:
Դրանով ինձ փաստացի հայտնվել է, որ քննիչ հանձնաժողովի՝ Ազգային ժողովի նախագահին ուղարկված զեկույցը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված զեկույցի իրավական կարգավիճակ չունի, հետևաբար՝ իմ մասնակցությամբ տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու մասին իմ խնդրանքի կապակցությամբ կիրառելի չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը:
Նման պատասխան ստանալուց հետո դիմել եմ ինձ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանական խմբին, ստացել համապատասխան իրավախորհրդատվություն, որի հիման վրա եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին կրկին գրավոր դիմել եմ ԱԺ նախագահին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալ քննիչ հանձնաժողովի կողմից նախապատրաստված փաստաթղթին:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել փաստաբանական խմբի տրամադրած պարզաբանումն ամբողջությամբ, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի հետ նամակագրությունը», - ասվում է Դավիթ Տոնոյանի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ 2022 թվականի փետրվարին: Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են տասնյակ ժամերի տեսանյութեր, գաղտնի փաստաթղթեր, լսել են հրավիրված տասնյակ պաշտոնյաների, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս տարվա սեպտեմբերին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքները քննելու նպատակով ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ զեկույցի բովանդակությունը պետական գաղտնիք է և հրապարակման ենթակա չէ՝ ծանոթանալու համար: