
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում գնահատականներ հնչեցնելով ռուսաստահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերության ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ուղիղ ցուցումներ է տալիս երկրի իրավապահ մարմիններին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ Գոհար Մելոյանը ՝ արձագանքելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած մեղադրանքներին։
«Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն, հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ՝ որպես «փողերի լվացում» որակելը՝ ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ՈՒՂՂԱԿԻ հրահանգավորում է, անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսեւորում է՝ պաշտոնյայի կողմից։
Փաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:
Հիմա արդեն պարզ է, թե որտեղից է գալիս իրավապահ մարմինների այն վարքագիծը, որի հետևանքով՝ Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում»:
Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու!
Ազգային շահով առաջնորդվող իշխանությունը, հիմա երախտիքի ու կատարված հսկայածավալ աշխատանքների ներկայացման վերաբերյալ տեսաձայնագրություններ կտեղադրեր։ Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը», - գրել է իրավագետը։
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանդիպման ժամանակ վերջինս հաղորդել է, որ ընկերությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են բաժանորդներին ավելորդ կիլովատ վերագրելու կամ թերի գրելու փաստեր, որոնց առնչությամբ արդեն հարուցվել են քրեական վարույթներ: Պետրոսյանը նշել է, որ այդ փաստերը նաև հիմք են հանդիսացել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու համար: Նա նաեւ պատմել է, որ ընկերությունը վարկերի երաշխիքներ է տվել այլ ընկերությունների, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն էներգառեսուրսների հետ: Հայաստանի վարչապետն , իր հերթին, ընկերության այդ գործողություններն որակել է "ոչ այլ ինչ, քան փողերի լվացման փաստ":