
Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը պետք է լինի արդյունավետ, ճիշտ այնքանով, որքանով ապահովվում է համակարգի բնականոն գործունեությունն ու զարգացումը։ Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ։
"Մեզ համար շատ կարևոր է, որ սակագնային քաղաքականությունը լինի հիմնավորված։ Օրինակ, ես շատ երկրներում տեսել եմ, թե ինչպես քաղաքական ճգնաժամերից խուսափելու համար էլեկտրաէներգիայի գներն անընդհատ նվազել են, ինչի արդյունքում համակարգերը հայտնվել են փլուզման եզրին", - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա կարևորել է քաղաքացիներին այն միտքը հասցնելը, որ էլեկտրաէներգիայի գինը պետք է լինի արդյունավետ "Մենք չպետք է ունենանք քաղաքական նպատակ էլեկտրաէներգիայի գինն այնքան իջեցնել, որ մեկ, երկու կամ, նույնիսկ, երեք տարի հետո խնդիրներ առաջանան։ Եթե մենք որոշենք, որ այն իսկապես բարձր է, մենք պետք է այն հասցնենք մի մակարդակի, գումարած, պայմանականորեն ասած, կոպեկ, որպեսզի այդ կոպեկը ներդրվի հետագա զարգացման համար", - նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ կցանկանար ազգայնացնել ՀԷՑ-ը, բայց դա ծախս է բյուջեի համար, հնարավոր է, որ ներդրող ներգրավելու անհրաժեշտություն առաջանա: "ՀԷՑ - ի հետ կապված մեր գլխավոր խնդիրը ռազմավարական մոտեցումն է ապագային ։ Երկու հնարավոր տարբերակ կա. առաջինը՝ ՀԷՑ-ն օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում ամբողջությամբ պետական սեփականություն դարձնելն է, որից հետո մենք կհրավիրենք պրոֆեսիոնալ կառավարչի ՝ ոլորտը կառավարելու համար, իհարկե, կառավարության վերահսկողության ներքո, երկրորդը ՝ թափանցիկ ընթացակարգերով ներգրավել նոր ներդրողների", - ասել է Փաշինյանը։
Ռոմանոս Պետրոսյանն, իր հերթին, զեկուցել է, որ իրականացված աշխատանքների և զգալի ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում մինչև 200 հազար դրամի համախառն եկամուտ ունեցող ՀԷՑ-ի աշխատակիցների համար, կառավարչի առանձին հրամանով, լրացուցիչ 20 հազար դրամ պարգևատրումներ են սահմանվել, և արդեն 4-րդ ամիսն է, ինչ ավելի քան 1700 աշխատակից օգտվում է դրանից: «Միջինացված՝ 10-ից մինչև 20% աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել փաստացիորեն»,- ասել Ռոմանոս Պետրոսյանը, հավելելով, որ դա շարունակական է լինելու, քանի դեռ հնարավոր չէ դրույքաչափի և հաստիքների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենի խորհրդին: ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը նշել է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ-ի 6800 աշխատակիցների կեսը՝ 3400 աշխատակից, վարձատրվում է 300 հազար դրամից ցածր: Նրանցից ավելի քան 1700-ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը, և ամենախոցելի այդ շերտն է 20 հազար դրամ լրացուցիչ պարգևատրում ստանում:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում հավելագրումների, թերգրանցումների փաստեր են արձանագրել, ինչի հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ փաստերը դրվել են լիցենզիայից զրկելու կարևոր 6 կետերից մեկի հիմքում:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ այս տարվա պլանով, ՀԾԿՀ-ն սահմանել է միջինացված մինչև 7 տոկոս թույլատրելի կորստի շեմ. «Դա մուտք եղած արտադրողներից էլեկտրաէներգիայի քանակի և սպառված էլեկտրաքանակի տարբերությունն է: 7 տոկոսն ընդունելի կանոնակարգված սահմանաչափն է: Ի սկզբանե ինձ համար տարօրինակ թվացին այդ թվերը: Երբ ուսումնասիրում ենք առաջավոր երկրների միջազգային վիճակագրությունը, այս ցուցանիշով գտնվում ենք թոփ 50 երկրների ցանկում՝ հարևանությամբ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի: Դա շատ զարմանալի էր: Չունենալով տվյալ երկրների նման ենթակառուցվածքներ՝ նման ցուցանիշներ են նկարվում ՀԷՑ-ում»:
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը տեղեկացրել է՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էլեկտրաէներգիան էր թերգրանցվում, այսինքն՝ ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում էր և վճարվում: Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանել է՝ որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության հետևանքով կարող էին տեղի ունենալ որոշակի մոնետիզացիայի գործարքներ: «1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այս պահին նախաձեռնված: Նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, որը 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիայի հավելագրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին»,- ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ը նոյեմբերի 17-ի իր որոշմամբ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էր էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից: Հունիսի 18-ին իրավապահ մարմինները ձերբակալել էին, ապա դատարանը կալանավորել է խոշոր գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, հարցազրույցում հայտարարել էր․ "Մենք մեր ձեւով կմիջամտենք", եթե քաղաքական գործիչները չկարողանան կատարել այդ գործառույթը: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են ՀԷՑ-ի կառավարումը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին: