


Արմինֆո. Այսօրվա դրությամբ կալանավորված գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նախաձեռնած "Մեր ձեւով" շարժմանը միացել է 9000 կամավոր: Այդ մասին հաղորդում է շարժման մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ "Մեր ձեւով" շարժում ստեղծելու մասին հայտարարությամբ Սամվել Կարապետյանը հանդես էր եկել օգոստոսի 13-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում իր կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունից մեկ օր առաջ: Գործարարը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Շարժման նպատակն է տնտեսության զարգացումը, բիզնեսի և հարստացման համար իրական հնարավորությունների ստեղծումը, ընտանեկան և ազգային արժեքների ամրապնդումը, Հայաստանի հեղինակության վերականգնումը՝ որպես վստահելի գործընկերոջ, Արցախի ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը, կրթության համակարգի զարգացման միջոցով ապագայի նկատմամբ երիտասարդների հավատի վերադարձը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանումն ու պաշտպանությունը: Շարժման հիման վրա ստեղծված կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։



