


Արմինֆո. Նոյեմբերի 24-ին Նիկոսիայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարարության մշտական քարտուղար Թեոդորա Կոնստանտինիդույի ղեկավարությամբ կայացել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, քննարկումները վերահաստատել են երկու երկրների հանձնառությունը՝ առավել խորացնելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացիկ զարգացումները՝ ԵՄ խորհրդում Կիպրոսի առաջիկա նախագահության համատեքստում։
Զրուցակիցներն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունների կարևորագույն ձեռքբերումներից է երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը, ինչը նախանշում է համագործակցության նոր փուլ։ Կողմերը սահմանել են համագործակցության խորացման հիմնական ուղղությունները՝ առանձնանշելով գործարար կապերը, կրթությունը և գյուղատնտեսությունը։ Ընդգծվել է բազմակողմ ձևաչափերում համագործակցության կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8֊ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, բանակցությունների վերսկսմանն ու Կիպրոսի հիմնահարցի լուծմանը` ընդգծելով կառուցողական ներգրավվածության և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու նպատակով միջազգային ջանքերի կարևորությունը` միջազգային իրավունքի լիարժեք պահպանմամբ։



