
Արմինֆո. ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին պահանջել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել միջազգային դիտորդների հասանելիություն Բաքվի շինծու դատավարություններին և "Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցներ" սահմանել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ:
Մեկնաբանելով այդ նամակի հրապարակումը, որի աջակցել է ANCA-ն, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը նշել է․ "Այն փաստը, որ քսանյոթ դեմոկրատ սենատորներ, Սենատի կազմի կեսից ավելին, ներառյալ՝ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը, ստորագրել են այդ նամակը, պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին, Հայկական հարցը առաջին տեղ է մղում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ՝ զգալիորեն բարձրացնելով դրա նշանակությունը Հանրապետական կուսակցության և Թրամփ-Վենսի վարչակազմի համար":
Սենատորների նամակում, մասնավորապես, ասվում է. "Այդ քաղաքական պատանդները ենթարկվել են դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, իսկ Բաքվի ռազմական դատարանում գաղտնիությունն ու դատավարական խախտումները լուրջ կասկածներ են առաջացնում դատավարությունների արդարության եւ օրինականության վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ միակ կազմակերպության արտաքսումը, որը կարող էր այցելել հայ բանտարկյալներին, ավելի մեծ սպառնալիքի տակ է դնում հայ բանտարկյալների անվտանգությունը": Նամակում ընդգծվում է. "Երկու տարի է անցել այն օրվանից, երբ Արցախի շրջափակումը եւ Ադրբեջանի ռազմական հարձակումը հանգեցրին տարածաշրջանի 120 000 քրիստոնյա հայերի բռնի տեղահանման, ինչը միջազգային իրավունքի փորձագետները որակել են էթնիկ զտում":
Սենատորները կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին երեք կոնկրետ քայլ ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների հետ փոխգործակցության շրջանակում․ 1․ Պահանջել անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։ 2. Պահանջել, որպեսզի Ադրբեջանը թույլ տա միջազգային դիտորդներին և անկախ լրատվամիջոցներին հետևել հայ քաղաքական գործիչների դատավարություններին։ 3. "Մագնիտսկու գլոբալ ակտին" համապատասխան պատժամիջոցներ կիրառել հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ:
Խոսելով ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունների մասին՝ սենատորները նշել են. "Թեեւ մենք զգուշավորությամբ ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական վերջին բանակցությունները կարող են ավելի խաղաղ ապագա ապահովել տարածաշրջանի համար, Ադրբեջանը վտանգի տակ է դնում այդ գործընթացը ՝ շարունակելով պատանդներ պահել և անհիմն նախապայմաններ առաջ քաշել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական համաձայնագրում հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ դրույթներ չկան։ Մագնիտսկու պատժամիջոցները շարունակում են առանցքային գործիք մնալ ռազմագերիների ազատ արձակումն ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու համար"։
Նամակում նաեւ զգուշացվում է, որ "ԱՄՆ-ի տեւական անգործությունն ադրբեջանական ագրեսիայի հանդեպ անընդունելի է եւ լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի հեղինակությանը, հատկապես, այն պայմաններում, երբ Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերն Արեւմուտքի հետ": Սենատորները հայտարարում են. "Միացյալ Նահանգների համար բարոյական և ռազմավարական հրամայական է վճռական միջոցների ձեռնարկումը, որպեսզի ստիպեն Ադրբեջանին ազատ արձակել ապօրինի պահվող հայ կալանավորներին և ապահովել տարածաշրջանային խաղաղություն ՝ հիմնված պատասխանատվության, արդարության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հիմնարար իրավունքի վրա":