
Հայաստանում Beeline ընկերության գործունեության առաջնահերթությունները 2016 թվականին կլինի ֆիքսված և բջջային ինտերնետի զարգացումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռեգուլյատորի որոշմամբ ընկերությունը պետք է այնպես արդիականացնի ֆիքսված կապը, որպեսզի երկրի ամենահեռավոր շրջաններում գտնվող բաժանորդները կարողանան օգտվել ինտերնետ-կապից: Այդ ուղղությամբ Beeline-ը Հայաստանում ծախսում է միլիոնավոր դոլարներ: Ընկերությունն ուշադիր հետևում է նաև հաճախորդների հետ փոխհարաբերոթյունների կառավարման համակարգի կատարելագործմանը - Customer Relationship Management (CMR), մասնավորապես, բաժանորդների համար ստեղծելով հատուկ ծրագրեր, մենք սկսում ենք ավել լավ հասկանալ հաճախորդի պահանջները»,-հավելել է նա:
Ընկերությունը շարունակում է արդյունավետության ապահովմանն ուղղված աշխատանքները: Օրինակ, ավելի էժան սարքավորումների գնումը թույլ կտա տնտեսել միջոցներ և գնալ ծառայությունների սակագների իջեցման, դրանով բարձրացնելով դրանց հետաքրքրությունը բաժանորդների մոտ: Կշարունակվեն նաև շարժական ինտերնետի ոլորտի աշխատանքները` նոր տեխնոլոգիաների ներդրումով:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: «ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: