


Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ նվազում է երեխայի ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 20-ին կառավարության նիստում ընդունված օրինագծին, որով վերանայվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը և վճարման կարգը։
«2025 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնելիության ցուցանիշը Հայաստանում հասել է պատմական ցածր մակարդակի։ Այս ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը ամենացածրն է մեր նորագույն պատմության ընթացքում (ԽՍՀՄ տարիների հետ համեմատելը իմաստ չունի)։ 10 տարվա կտրվածքով նվազումը կազմել է 20%։
Այս իրավիճակում կառավարությունը որոշել է փոփոխել ծննդյան նպաստի չափը՝ սահմանելով այն 500,000 դրամ՝ անկախ երեխայի ծննդյան կարգաթվից։
Ընթացիկ համակարգով նպաստներն էին՝ 1-ին և 2-րդ երեխայի համար՝ 300,000 դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի համար՝ 1,000,000 դրամ, 5-րդ և հաջորդ երեխաների համար՝ 1,500,000 դրամ։
Այս փոփոխության հետևանքով ծնելիության խրախուսման համար կարևոր 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազում են 2–3 անգամ, ինչը լուրջ բացասական հետևանքներ կունենա բազմազավակ ընտանիքներում և կարող է ավելի խորացնել աղքատությունը։
Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին։
Ծնելիության խրախուսման և բնակչության աճի մասով առաջիկայում կներկայացնենք մեր մոտեցումները», - գրել է Թանդիլյանը։



