
Արմինֆո.Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և շեշտել, որ ակտիվ բարձրաստիճան փոխայցելությունները վկայում են երկու երկրների վստահելի ու արդյունավետ գործընկերության մասին։
ՀՀ նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցեր։ Կողմերը հատուկ կարևորություն են տվել տարածաշրջանային գործընթացների գնահատմանը և փոխգործակցության այն ուղղություններին, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման խթանմանը։
Քննարկվել են քաղաքական երկխոսության ընդլայնման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման, էներգետիկ և տրանսպորտային կապերի զարգացման, ինչպես նաև մշակութային ու հումանիտար փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է, որ նոր նախաձեռնությունների ձևավորումն ու արդեն իսկ ընթացող ծրագրերի արդյունավետ կառավարումը կարող են զգալիորեն բարձրացնել երկկողմ համագործակցության ներուժը և նպաստել երկու երկրների տնտեսական և հասարակական զարգացմանը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում և բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը առավել նպատակային և համակարգված դարձնելու վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է համարվել միջազգային հարթակներում փոխաջակցությունը, ինչպես նաև համատեղ դիրքորոշումների ձևավորումը տարածաշրջային նշանակության հարցերում։
Հանդիպման ավարտին հաստատվել է Հայաստանի և Վրաստանի պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը, ամրապնդելու բարիդրացիական հարաբերությունները և ընդլայնելու համագործակցության բոլոր այն ուղղությունները, որոնք ծառայում են երկու ժողովուրդների բարօրությանը, տարածաշրջանի խաղաղությանը և տնտեսական կայունությանը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ․ հանդիպումն ընթացել է կառուցողական և գործընկերային մթնոլորտում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության օրակարգային հարցեր։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի դերը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման առումով, ինչպես նաև կարևորվել է համատեղ նախաձեռնությունների իրագործումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայունության, զարգացման և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է ծրագրի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության և տնտեսական ինտեգրման տեսանկյունից։
Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնության հաջող իրագործումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի և Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճի համար։
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացման տնտեսական ներուժի բացահայտման և էներգետիկ համագործակցության խորացման հարցերը։ Այս համատեքստում շեշտվել է միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքի կարևորությունը՝ ուղղված էներգետիկ նախագծերի արդյունավետ իրականացմանը, հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխշահավետ տնտեսական կապերի ընդլայնմանը։
Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որոնք միտված են երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու զարգացման օրակարգի առաջմղմանը։