
Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է Հայաստանի համար, եւ եթե Անկարան դա անի հիմա, դա կզրկի Երեւանին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու գլխավոր խթանից: Հաքան Ֆիդանը նաև նշել է, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապող օղակ ստեղծելու հայեցակարգն ընդունվել է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ:
"Նախ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար։ Պակաս կարևոր չէ նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը։ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում երկու ուղղություններով։ Ընդ որում, այս երկու բաղադրիչներից ոչ մեկը մյուսով պայմանավորված չէ, եւ եթե պարտադիր կարգով փորձ արվի դրանց միջեւ պատճառահետեւանքային կապ տեսնել, ապա կարող է պարզվել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորումը ոչ թե բացասական, այլ, ընդհակառակը, դրական ազդեցություն կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա", - ասել է Միրզոյանը՝ "Արմենպրես" պետական գործակալության հարցին ի պատասխան։
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակմանը, ապա այդ գործընթացի հիմնական սկզբունքները համաձայնեցվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում․ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Միրզոյանի խոսքով ՝ այդ շրջանակներում սահմանված TRIPP երթուղին (Թրամփի երթուղին) կկապի ինչպես Ադրբեջանը Նախիջեւանի հետ, այնպես էլ Հայաստանը՝ այլ երկրների եւ, ավելի լայն աշխարհագրական մասշտաբով, տարածաշրջանների հետ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով: "Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս արագ իրագործելու համար", - ամփոփել է Միրզոյանը։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարար էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել ՝ Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, ովքեր արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել: