Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա դեկտեմբերի վերջին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՙՄենք այս ամսվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ճանապարհին ենք՚,- գրել է Ուորլիքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի սկզբին: Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա Հայաստանում դեկտեմբերի 6-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեից հետո: Միաժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա՝ ակնարկելով, որ անիմաստ է հանդիպում անցկացնել՝ հանուն հանդիպման: