
Արմինֆո. «Մեր նախորդ նստաշրջանների ընթացքում մենք արտահայտել ենք հույս եւ զգուշավոր լավատեսություն առ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության հասնելու նախաշեմին են: Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել», - հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային 23-րդ նստաշրջանի «Կամրջող հեռանկարներ. երկխոսության, միջնորդության եւ վստահության ամրապնդումն անորոշության դարաշրջանում» խորագրով նիստում իր ելույթում:
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրն ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը: Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների կարեւոր դերը եւ նախագահ Թրամփի առաջնորդությունը, ով, իսկապես, իրականություն է դարձրել մեր այսօրվա քննարկման թեման:
Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարգանքի վրա:
Այն նաեւ ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք՝ մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ՝ մեր երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում:
Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաեւ կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային:
Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն եւ հոգատարություն՝ փոխադարձ վստահություն կառուցելու համար: Վստահության կառուցման կարեւոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ հարակից կառույցների փակումը Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա:
Եվ վերջապես, այստեղ՝ Թուրքիայում գտնվելով, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ: Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության: Շնորհակալ եմ»,- ասել է Սարգիս Խանդանյանը: