


ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում քոչարի խմբապարի ներառման վերաբերյալ Հայաստանի լրամշակված հայտը կներկայացվի 2016 թվականին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը մեկնաբանել է նաև ադրբեջանական կողմից արդեն ավանդական դարձած հարձակումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում այս կամ այն տարրը ներառելու Հայաստանի առաջարկություններին: «Մենք արդեն չենք զարմանում: Դա մեր խաչն է: Այդ մասին թող մտածեն այն միջազգային կազմակերպությունները, ում աչքերի առջև այդ ամենը տեղի է ունենում», - ընդգծել է Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ: Դրանց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի ԱԳՆ, Հայաստանի պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայել է փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել էին լավաշը, «Սասունցի Դավիթ» ազգային էպոսը, խաչքարի արվեստը և դուդուկի երաժշտությունը:



