


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով, ըստ էության, փորձում է ասել, որ այսօր քաղաքական գործերով դատավորն ինքն է: Նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով այն փաստին, որ ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող "Հայկական Ժամանակ" թերթը դատարանից շուտ է հրապարակել գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին տեղեկատվությունը:
«Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը երեկ հրապարակել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին «որոշումը», որին այսօր անշեղորեն հետևել է դատարանը։ Հիմա ինչ, Հայկական ժամանակն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում։ Սա իրոք արտառոց է։ Ոչ մի բացատրություն, քար լռություն է։ Սա ինչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։ Դատավորի մասին չեմ ուզում խոսել, դատավորը կամավոր է հանձնվում Փաշինյանի «ով է այն դատավորը, որ իմ ասածը չանի» սպառնալիքին։ Ինչու են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավերել դատարանը, իրոք չեմ հասկանում։ Փաշինյանն ուզում է ասել քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը», - գրել է Ժաննա Ալեքսանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով: Միաժամանակ, փաստաբան Արամ Վարդևանյանն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ "Հայկական Ժամանակ" օրաթերթում, որը պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին տեղեկացվել է դատարանի կայացրած որոշումից շատ առաջ: Սույն տեղեկությունը նոյեմբերի 17-ին, ժամը 18:30-ից զետեղվել է նաև ՀՀ կառավարության հետ կապված Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքում:



